«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՆԻԿՈԼԱՅԵՆԿՈՅԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՍՊԱՌՆԱԼԻՔ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական «Զերկալո» թերթը գտնում է, որ Բաքուն ստիպված է լինելու բախվել ռուսական ուժերի հետ: «Երեկ Երեւանում Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն հայտարարել է, որ հնարավոր է համարում ռազմական ուժի կիրառումը Հավաքական անվտանգության համակարգի անդամ որեւէ երկրի նկատմամբ ԱՊՀ անդամ այլ երկրի կողմից ռազմական վտանգի առաջացման դեպքում», գրում է թերթը, նշելով, որ Նիկոլայենկոյի խոսքերը Ադրբեջանում գնահատվել են որպես թաքցված սպառնալիք իրենց հանդեպ, քանի որ Բաքուն բազմիցս հայտարարել է, որ հնարավոր է համարում Հայաստանի հետ ռազմական գործողությունների վերսկսումը:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, մեկնաբանելով Նիկոլայենկոյի խոսքերը, նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր նպատակը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնումն է, եւ դա չի կարող որակվել որպես սպառնալիք որեւէ մեկի նկատմամբ»: Ինչ վերաբերում է Նիկոլայենկոյի հայտարարությանը, ապա «Զերկալո» թերթն իր կողմից ավելացնում է, որ Ադրբեջանը 6 տարի շարունակ եղել է նշված պայմանագրի անդամ, սակայն դա չի փրկել իրեն ԱՊՀ ու ՀԱԽ-ի մյուս անդամ պետության գործողություններից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4