«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ ՏԱՊԱԼՎԵՑ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի մասին ապատեղեկատվություն տարածելու Ադրբեջանի հերթական փորձը տապալվել է Եվրոպայի խորհրդումՙ վարկաբեկելով ե՚ւ Ադրբեջանին, ե՚ւ նրա կողմից տարվող քարոզչական քաղաքականությունը: Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղինՙ ադրբեջանցի ռազմագերիների վերաբերյալ, ընդ որում վկայակոչելով Կարմիր խաչի միջազգային կոմիտենՙ որպես այդ տվյալների հավաստի աղբյուր: Ըստ նրանց ներկայացրած փաստաթղթի, ԿԽՄԿ-ի ս.թ. ապրիլի 10-ի ներկայացրած զեկույցի մեջ նշվում է, որ հայկական կողմում պահվում են ավելի քան 700 ադրբեջանական ռազմագերիներ, եւ վերջին վեց ամիսների ընթացքում Կարմիր խաչին մուտք չի տրվելՙ այցելելու ռազմագերիներին Հայաստանում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից, միջազգային կազմակերպությանն իրենց խաղի մեջ ներգրավելու այդ փորձը սակայն առիթ է դարձել բացահայտելու ստահոդ տեղեկություններ տարածելու ավանդույթը եւ դրանով հարվածել է Ադրբեջանի հեղինակությանը: Կարմիր խաչը միանշանակորեն հերքել է վերագրվող տվյալներըՙ նշելով, որ ԿԽՄԿ-ն այդ տվյալների աղբյուրը չէ: Այս կազմակերպությունը զեկույց չի ներկայացրել ո՚չ ս.թ. ապրիլի 10-ի, ո՚չ էլ որեւէ այլ ամսաթվով: Ինչ վերաբերում է ԿԽՄԿ-ի այցելություններին առնչվող տեղեկություններին, ապա դրանք բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը: ԿԽՄԿ-ն, որեւէ թյուր մեկնաբանությունից խուսափելու համար հերքումը պարունակող նշված տեղեկատվությունն ուղարկել է Եվրախորհրդի բոլոր հանձնաժողովներին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահին եւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին:

«Ադրբեջանական կողմի վերջերս աշխուժացած քարոզարշավըՙ հայկական կողմին մեղադրելու հնարովի փաստերի տարածմամբ, միայն բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի վարկանիշի վրաՙ կասկածի տակ դնելով ներկայացված ցանկացած փաստաթղթի հավաստիությունը»,- իր հաղորդագրությունում ընդգծում է ՀՀ ԱԳՆ-ն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4