«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՀԺԿ-ԻՆ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՏԱՆՈՂ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸՙ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-Ի ՄԻՋՈՎ

Հոկտեմբերի 27-ի գործով Ազգային ժողովում կազմված ժամանակավոր հանձնաժողովի կազմությանը մեր թերթը հատուկ չանդրադարձավ: Լրատվամիջոցների աղմկոտ քաջալերանքի մթնոլորտում պարզ էր սկզբից եւեթ. որ հանձնաժողովի կազմությունը հատկապես ՀԺԿ-ի համար պարզապես առիթ էր ցցվելու, իրեն «գործի վրա» ցույց տալու:

Այլապես, հոկտեմբերի 27-ին պատահած ողբերգության լրջությունը իսկապես գիտակցելու դեպքում կարելի էր առանց աղմուկ-աղաղակի կազմել նման հանձնախումբ եւ խուսափել ավելորդ ցուցարարությունից:

ՍԱՌԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Վերջապես ՀԺԿ-ն հայրենի խորհրդարանում իր գոյությունն արդարացնող նախաձեռնությամբ հանդես եկավ եւ... հաջողեց: Սակայն հաջողեց ոչ թե իբրեւ քաղաքական մեծամասնություն, որն իր նախաձեռնությունն անցկացնելու դժվարություն չպետք է ունենար, այլ նրան շնորհ արվեց ոչնչից բարձրացված մեծ աղմուկը լռեցնելու համար: Ստեղծվեց «դատաքննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած օրինականության հնարավոր խախտումների մասին ԱԺ-ին եզրակացություն ներկայացնող ժամանակավոր հանձնաժողով»:

Պետք է ասել, որ նախաձեռնության մեկ ամսվա ընթացքում ՀԺԿ-ն զգալի առաջադիմեց կամ, ավելի ճիշտ, քաղաքականապես «հասունացավ»: Սկզբնական շրջանում հատուկ հանձնաժողով ստեղծելու նրանց հիմնավորումը «ճիվաղին» իրավական օգնություն ցուցաբերելու մասին հայտարարություններն էին: Երբ գործընկերները նրանցից փաստարկներ պահանջեցինՙ «փաստարկներից» միայն ենթադրությունները մնացին:

Մեկ ամսվա ընթացքում ենթադրությունները փոխարինվեցին երեք այլՙ արդեն «պատկառազդու» հիմնավորումներով. «Ասում են հանցագործին դատարան են բերում-տանում «31»-ով», «նա այնպիսի որակյալ թղթի վրա է գրում, որ խորհրդարանում անգամ դժվար է գտնելը», «ամեն չորեքշաբթի ամբաստանյալին ուտելիք են բերում»: Ահա հատուկ հանձնաժողով ստեղծելու «ծանրակշիռ» հիմքերը: Կասկածներ սերմանող իր տեղեկատվական աղբյուրները ՀԺԿ-ն հարկ չհամարեց բացահայտել: Ասենք, առանձնապես բացահայտելու բան էլ չկարՙ ՀԺԿ խոսնակը հայտարարել էր, որ փողոցում կանգնածներն են տեսել Ն. Հունանյանին «31»-ով տանել-բերելիս:

Քանի որ անձամբ ականատես եմ եղել ամբաստանյալին ե՚ւ դատարան բերելուն, ե՚ւ տանելուն, կարող եմ հաստատել, որ Ն. Հունանյանին դատարան են բերում կալանավորների համար նախատեսված բեռնատարով, իսկ ոստիկանական մյուս մեքենաները, այդ թվում նաեւ հիշյալ «31»-ը, ապահովում են կալանավորին տանող մեքենայի անվտանգությունը: Դա իրենք էլ կարող էին տեսնել: Ավելորդ չենք համարում նշել, որ կալանավորների եւ դահլիճի անվտանգությունն անձամբ հսկում են ՆԳ փոխնախարար Հ. Վարյանը եւ մի խումբ բարձրաստիճան սպաներ, որոնց ծառայողական մեքենաները գուցեեւ «աչք ծակեն»:

Անկեղծորեն զարմացած ենք, թե խորհրդարանում Կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Թադեւոսյանը որտե՞ղ է տեսել Նաիրի Հունանյանի գործածած թղթերը, շոշափել դրանց որակը, որ անթաքույց նախանձով հայտարարում էՙ անգամ խորհրդարանում նման թուղթ չես գտնի: Նրա այս հայտարարությունը վիրավորական էր ինձՙ լրագրողիս համար, որ ամբողջ օրը դատարանում անցկացնելով, ուշադրություն չի դարձրել նման կարեւոր հանգամանքի: Սկսեցի ենթադրություններ անել, թե պատգամավորը որտե՞ղ կարող էր շոշափել Ն. Հունանյանի թղթերը: Երեւակայությունս տարավ նրան, որ գուցե դատական նիստերին մասնակցող հոգեբանների մոտ է տեսել, որոնց ամբաստանյալը հանձնել էր իր ստեղծագործությունները: Հոգեբաններից Աղուզումցյանին հարցրեցի, թե ինչպիսի թղթերի վրա էր ամբաստանյալը շարադրել իր «ստեղծագործությունները»: «Սովորական, շատ սովորական, հասարակ թղթերի վրա են գրված, արտասովոր ոչինչ չկա», հայտնեց հոգեբանը: Նույնը պնդեց ՆԳՆ պաշտոնատար անձը, խոստանալով ցույց տալ թղթերից մեկըՙ «որպեսզի ինքներդ համոզվեք, հասարակ թուղթ է»:

Վերջապես ամբաստանյալին սնունդ տանելու մասին: Ն. Հունանյանի հայրն ամիսներ առաջ խմբագրություն էր ներկայացրել նախաքննական մարմնին ուղղված իր բազմաթիվ դիմումներըՙ որդիների հետ տեսակցության խնդրանքով, եւ մշտապես մերժվել էր: Մերժվել էր նաեւ նրա խնդրանքըՙ դատարանում տեսնելու նրանց: ՀԺԿ «քաղաքական կարկառուն գործիչը» առայժմ մի բան չի հերքում, որ Ն. Հունանյանը, ինչպես բոլոր կալանավորները, սնունդ ստանալու իրավունք ունի, բողոքում է, թե որտեղի՞ց է գումար հայթայթել նրա «բոմժ հայրը»: Դատարանից մեզ իրազեկեցին, որ մինչ օրս Ն. Հունանյանի հետ տեսակցություն չի տրվել ոչ ոքի: Մենք էլ ենք կարծում, որովհետեւ սննդի հետ կարող էին նաեւ վերնաշապիկ փոխանցել, քանի որ ամբաստանյալը մինչ օրս այն վերնաշապիկով է, որով խորհրդարան էր ներխուժել: Կարո՞ղ է որեւէ մեկը «ապստամբել» նրան հագուստ փոխանցելու համար: Չէ՞ որ օրենսդիրն առայժմ իշխանավորներին սպանողների իրավունքները չի զատել հասարակ մահկանացուներին սպանողներից:

Ամենեւին կասկածի տակ չառնելով նույն «քաղաքական գործչի» այն հայտարարությունը, թե ՀԺԿ-ն իր միակ առաքելությունը համարում է «Հոկտեմբերի 27»-ի արդար եւ լիակատար բացահայտումը», ուզում ենք միամիտ մի հարց տալՙ ինչու հատուկ հանձնաժողով չստեղծեցին նախաքննության ընթացքում ոճրագործների պահպանությունն իրականացնող իրավապահ մարմինների գործունեության մեջ տեղ գտած օրինականության հնարավոր խախտումներն ստուգելու համար: Չէ՞ որ «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրվողներից առնվազն 10-ը ահազանգել են նախաքննության ընթացքում ոչ թե «հնարավոր խախտումների» մասին, այլ դիմում-բողոքներով, բացարկներով հիմնավորել են քննչական խմբի անօրինականությունները: Չե՞ք կարծում, որ իբրեւ «Հոկտեմբերի 27»-ի արդար եւ լիակատար բացահայտման պահանջատեր, որը ձեր միակ կոչումն ու առաքելությունն եք համարում իբրեւ կուսակցություն եւ իբրեւ խորհրդարանականներ, պարտավոր էիք, մեկ անգամ հանձնաժողով կազմել եւ ստուգել «ենթադրյալ կամ հնարավոր» անօրինականությունները: Թե՞ ասվածը «արդարության» հասնելու ձեր ձգտումներից դուրս է: Ինչո՞ւ նույն «հանրահայտ» երեսփոխանը նույնքան շահագրգիռ չէր պարզելու, թե ինչո՞ւ են քննիչները որոշել «չալաղաջներով» կերակրել մեղադրյալին, ինչո՞ւ հանկարծ այդքան հումանիստ դարձան: Միայն թե չասեք դա հերյուրանք է, որովհետեւ քննչական խմբի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը ոչ միայն չի հերքել, այլեւ հրապարակավ բացատրություններ է տվելՙ «դե, քննիչն էլ մարդ է...» եւ այլն:

Եվ վերջապես, ի՞նչ իրավունքով է ՀԺԿ-ն միայն իր մենաշնորհը համարում այս գործի արդարացիությանը հետամուտ լինելը, միաժամանակ հայտարարություններն անելով ողջ ժողովրդի անունից: Սա ոչ ավելին է, քան նախընտրական պայքար հաջորդ խորհրդարանի համար: Էլի ինչի մասին կարող էին ավելի սրտակեղեք խոսել քաղաքական հոտառությունից զուրկ պատգամավորները, եթե ոչ «Հոկտեմբերի 27»-ից: Իրենց նման մենք էլ կասկածելու եւ ենթադրություններ անելու իրավունք ունենք եւ օգտվելով մեր այդ իրավունքից գտնում ենք, որ պատահաբար խորհրդարանում հայտնված եւ իրենց անելիքը չիմացող հիշյալ «քաղաքական աստղաբույլը» ժամանակավրեպ համարելով ողբացյալ Կարեն Դեմիրճյանի ծրագրերի իրագործումը, մի բան շատ լավ հասկացել էՙ «Հոկտեմբերի 27»-ի գործը իրենց հաջորդ խորհրդարան տանող միակ ճանապարհն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4