Օդաչունՙ Ստեփան Նիկոլյան
Հակառակ նախորդ օրվա հավաստիացումներին, թե բանակին հրամայված է դադարեցնել մարտական գործողությունները պաղեստինցիների դեմ, իսրայելական բանակը երեկ Գազայի շրջանի մի շարք բնակավայրերում բախումներ հրահրեց պաղեստինցիների դեմ, իսկ ռազմօդանավերը բազմիցս խախտեցին Լիբանանի օդային սահմանը: Նման խախտումներից մեկի ընթացքում իսրայելական կործանիչները խփեցին լիբանանյան «Սեսնա» տիպի ուսումնավարժական մի ինքնաթիռ, որի օդաչուն, ինչպես պարզվեց հետագայում, 43 տարեկան լիբանանահայ Ստեփան Նիկոլյանն էր:
«Հզբոլահ» իսլամական կազմակերպության տվյալներով, ուսումնավարժական ինքնաթիռը Բեյրութից թռչում էր Կիպրոս, եւ իսրայելական ռազմօդանավերը նրա ճանապարհը կտրել են Լիբանանի հարավումՙ Նակուրա գյուղաքաղաքից վերեւ: Մինչդեռ իսրայելցիք պնդում են, որ ինքնաթիռը ներխուժել էր իրենց օդային տարածք, եւ օդաչուն չէր պատասխանում ռադիոկապով իրենց տված հարցերին:
Ավելի ուշ Բեյրութի օդանավակայանից հայտարարվեց, որ Ստ. Նիկոլյանն սկսնակ օդաչու էր, հազիվ 5_6 թռիչքի փորձ ունեցող: Նա թռիչքի էր դուրս եկել առանց թույլտվության եւ առանց ինստրուկտորի, ինչը լիբանանյան օրենքով չի թույլատրվում: