ԱՆԿԱՐԱ, 24 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Թրքիշ Դելի նյուզ» թերթը մայիսի 24-ի համարում վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրներ, գրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբեւէ մոտ են հունիսին Ժնեւում Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելուն: Վերջնական համաձայնությունը կարող է հետաձգվել մինչեւ աշուն, բայց դիվանագետները հավատում են, որ առնվազն մի նախնական համաձայնագիր հունիսին Ժնեւում կստորագրվի: Ըստ թերթի, Ղարաբաղի կարգավիճակը կլինի ինքնավարությունից բարձր եւ անկախությունից ցածր:
Նույն թերթը գրում է նաեւ, տեղեկացնում է Արմենպրեսը, որ Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկելու Հայաստանի հետ իր հարաբերությունները լավացնելու ուղղությամբ: Քանի որ Երեւանի եւ Անկարայի միջեւ մնում են երկու հիմնական խոչընդոտներՙ ղարաբաղյան խնդիրը եւ Հայոց ցեղասպանությունն ընդունելու Հայաստանի կառավարության եւ Սփյուռքի պահանջները, խոչընդոտներից մեկի վերացմամբ Թուրքիան ձեռնամուխ կլինեի Հայաստանի հետ հարաբերությունների լավացմանը:
«Թեեւ Հայաստանի կառավարությունը ապարդյուն ջանքեր է գործադրում աշխարհի տարբեր խորհրդարաններում «այսպես կոչված հայերի ցեղասպանության» բանաձեւն անցկացնելու համար, խնդիրը չպետք տարբեր երկրների քննարկման առարկա դառնա: «Հարցը պետք է գիտնականների եւ պատմաբանների քննարկման առարկա լինի»:
Թուրքիան խոչընդոտ չի համարում նաեւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, քանի որ բազմաթիվ այլ եղանակներ կան «երկու երկրների միջեւ շփումներ սկսելու», գրում է թուրքական թերթը: