«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՇԱՀԵ ԱՐՔ. ԱՃԵՄՅԱՆ. ԱՎԱՐԱՅՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԿԵՐՏՈՂ ՇԱՐԺՈՒՄ ԷՐ

<20019501.jpg>

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Վարդանանց պատերազմը երկու գերիշխանությունների միջեւ բաժանված երկրի ինքնապաշտպանական պատերազմ չէր միայն, այլ պետության ազգային նկարագիրը կերտող շարժում, որը մարմին առավ Հայաստանի քրիստոնեացումով: 1550 տարի առաջ տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտն այսպես բնորոշեց Շահե արքեպիսկոպոս Աճեմյանը: Մայիսի 24-ին Երեւանում սկսված «Ավարայրի խորհուրդը» խորագրով հոբելյանական գիտաժողովի ժամանակ նա նաեւ նշեց, որ Վարդանանց սերունդը կրթվել էր ոսկեղենիկ հայերենով, Աստվածաշունչը հայերեն էր թարգմանվել Վարդանանց պատերազմից հազիվ 40 տարի առաջ, Վարդանանք զգացել էին հայերի ընտրյալ ազգ լինելը, որովհետեւ «ազգովին քրիստոնեացածՙ Աստծո հետ նոր ուխտով կապված առաջին ժողովուրդն էր»: Ըստ նրա, օրինաչափ է այն, որ Վարդանանք սրբացել են հայ եկեղեցու կողմից, սահմանվել է Վարդանանց տոն, իսկ Ներսես Շնորհալու ստեղծած շարականըՙ նվիրված Վարդանանց, ըստ նրա, Եղիշեի դյուցազներգության շարունակությունը պետք է համարել:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանի կարծիքով, Ավարայրի ճակատամարտը հիմք դրեց նոր ազատամարտերի համար, Ավարայրի շունչն էր, որ ստիպում էր հայերին շատ հաճախ փոքրաթիվ ուժերով դուրս գալ մեծ բանակների դեմ. ասվածի լավագույն օրինակը նա համարեց Զեյթունի մարտերը: Իսկ Սարդարապատի ճակատամարտը, նրա բնորոշմամբ, 20-րդ դարի Ավարայրն էր, որի շնորհիվ նվաճվեց հայկական պետականությունը:

Անվանի բանաստեղծ, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը նշեց, որ Ավարայրը ոչ թե հողերի, այլ ոգու, հայ ինքնության համար մղվող պայքար էր, «մի պայքար, որը շատ բնորոշ է եղել մեր ժողովրդինՙ ընդհանուր լինելիության կերպի տեսակետից, եւ հիմա էլ պետք է մեզ առաջնորդի»:

Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում անցկացվող «Ավարայրի խորհուրդը» գիտաժողովն աշխատանքները կշարունակի Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց դպրատանը: Գիտաժողովի երեք մասնաճյուղերը կրում են «Ավարայրը պատմության հոլովույթներում», «Ավարայրը անմահության ճանապարհ», «Ավարայրը որպես զինական ավանդույթ» խորհրդանշական խորագրերը:

Գիտաժողովի օրերին ՀՀ Ազգային պատկերասրահում կբացվի «Ավարայրի ոգին եւ ազգային գոյամարտը հայ կերպարվեստում» խորագրով ցուցահանդես, ծաղկեպսակ կդրվի Վարդան Մամիկոնյանի հուշարձանի մոտ, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ երգչախմբի կատարմամբ կհնչի Համբարձում Պերպերյանի «Խորհուրդ Վարդանանց» օրատորիան, «Վազգեն Սարգսյան» մարզադաշտում տեղի կունենա թատերականացված ներկայացում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4