«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԾԽԱԽՈՏԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ

Երեկ կառավարության նիստում քննարկվել է նաեւ ծխախոտի հաստատագրված վճարի դրույքաչափերի խնդիրը: Հիշեցնենք, որ ներկայումս ներմուծվող ծխախոտի 1 արկղի համար վճարվող հաստատագրված վճարը 100 դոլար է, տեղում արտադրվողինըՙ 80 դոլար: Տեղական արտադրողըՙ «Գրանտ տոբակոն» բազմիցս բարձրացրել է դրույքաչափերի փոփոխության հարցը, նշելով, որ 20 դոլարի տարբերությունը հնարավորություն չի տալիս տեղական ծխախոտին մրցակցել ներմուծվողի հետ:

Կառավարությանը ներկայացված օրենքի նախագծում, որն այնուհետեւ պետք է ներկայացվի Ազգային ժողով, նախատեսվում է եւս 20 դոլարով բարձրացնել ներմուծվող ֆիլտրով ծխախոտի հաստատագրված վճարը: Այսինքնՙ տարբերությունը տեղում արտադրվողի եւ ներմուծվողի միջեւ կկազմի 40 դոլարՙ հօգուտ առաջինի, որն, անշուշտ, կբավարարի «Գրանտ տոբակոյին»: Իհարկե, ողջունելի է այն փաստը, որ կառավարությունն ի վերջո ընդառաջ գնաց տեղական արտադրողին: Սակայն կցանկանայինք հիշեցնել, որ խորհրդարանն արդեն ընդունել է տեղական արտադրությանն աջակցելու կոչված «Ներքին շուկայի պաշտպանության մասին» օրենքը, որտեղ նշված են այն ժամանակավոր (մինչեւ 8 տարի) պաշտպանական միջոցառումները (մաքսատուրքերի բարձրացում, քվոտաների սահմանում եւ այլն), որոնք պետք է կիրառվեն, եթե արտադրության այս կամ այն ճյուղը լուրջ վնաս է կրում հարաճուն ներմուծման պատճառով: Ավելի ճիշտ կլիներ, որ հենց այս տեսանկյունով դիտարկվեր այս հարցը, եւ արագ սկսվեն օրենքի կիրարկման քայլերը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4