Ջրային տնտեսության ընկերությունների ֆինանսական առողջացման եւ բարեփոխումների ծրագրի համաձայն մինչեւ 2005 թ. հանրապետության ամբողջ տարածքում կունենանք շուրջօրյա ջրամատակարարում: Այդ մասին լրագրողներին երեկ հայտնեց ՀՀ ջրային տնտեսության կոմիտեի նախագահ Գագիկ Մարտիրոսյանը: Ծրագրի առաջին փուլում 2001_2005 թթ. այդ նպատակով կիրականացվեն մի շարք միջոցառումներ: Ըստ Գագիկ Մարտիրոսյանի, 2 ամիս հետո արդեն պատրաստ կլինի ջրի հաշվիչների տեղադրման ենթածրագիրը: Այն ենթադրում է անհատական տներում հաշվիչների տեղադրումն ավարտել 2002 թ. վերջին, իսկ բազմաբնակարանանոց շենքերումՙ 2003 թ.-ի ընթացքում: Գանձվող սակագինը 2001_2003 թթ. կլինի 43 դրամ 1 խմ (1000 լ) ջրի համար, 2004_2005 թթ. կթանկանա 12 դրամով: Սակայն ջրային տնտեսության կոմիտեի պետը չբացառեց, որ հաշվիչների համատարած տեղադրումից հետո լինի ոչ թե սակագների թանկացում, այլՙ էժանացում:
Ծրագրի երկրորդ փուլը վերաբերում է կոյուղու մաքրմանը: Նախատեսվում է ունենալ նախ մեխանիկական, ապա կենսաբանական մաքրման սարքավորումներ: Գագիկ Մարտիրոսյանը վստահ է, որ այս փուլի իրականացումը հիմնականում կլինի ոչ բյուջետային միջոցների, մասնավորապես դրամաշնորհների միջոցով: Բանն այն է, որ մեր կեղտաջրերը հոսում են հարեւան երկրներՙ Վրաստան, Ադրբեջան եւ Իրան, ու այդ պատճառով դա զուտ Հայաստանի խնդիրը չէ: Ծրագիրն ընդհանուր առմամբ արժե 200 մլն դոլարՙ 110 մլն-ը խմելու ջրի, 90 մլն-ըՙ ոռոգման համար: Գագիկ Մարտիրոսյանի հաղորդած տվյալներով, արդեն առկա է 110 մլն դոլարըՙ տրված Գերմանիայից եւ Համաշխարհային բանկից, եւս 30 մլն դոլար մինչեւ տարեվերջ դարձյալ սպասվում է ՀԲ-ից: 30 մլն դոլարը (ծրագրի 15 տոկոսը) Հայաստանի մասնաբաժինն է: Համենայն դեպս, վերոնշյալ ֆինանսական աղբյուրներն արդեն հստակ են, եւ ջրային տնտեսության կոմիտեի նախագահը վստահ է, որ այդ գումարները լիովին կբավարարեն հստակ ժամկետներ ունեցող ծրագրի գոնե առաջին մասի կատարման համար: Մնում է միայն սպասել եւ հուսալ, որ այդ սպասումը չի նմանվի հայտնի ասացվածքին. «Մինչեւ առուն ջուր գա...»: