Վկայակոչելով Արմենտելի տնօրենների խորհրդի որոշումը, այս մասին երեկ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զախարյանը: Նա նաեւ ավելացրեց, որ րոպեավճարի կիրառման հարցը մի քանի անգամ քննարկվել է Արմենտելի տնօրենների խորհրդի նիստում: Նախապես որոշվել էր այդ ժամկետը սահմանել հուլիսի 1-ը: Հայկական կողմի հետ բանակցությունների արդյունքում որոշումը փոփոխություններ է կրել: Հուլիսի 1-ից րոպեավճարը փորձնական կլինի: Այսինքնՙ բաժանորդները հաշիվներ կստանան, բայց առաջին 2 ամիսներին (մինչեւ սեպտեմբերի 1-ը) գումարներ չեն վճարի: Սեպտեմբերի 1-ից հետո րոպեավճարը կգործի ամբողջ հանրապետության տարածքում եւ բոլորի համար: Նախապես հեռախոսային խոսակցության 1 րոպեն կարժենա 4 դրամ: Այնուհետեւ սակագինն աստիճանաբար կբարձրանաՙ նախ 5 դրամ, ապա 6 եւ վերջապեսՙ 8 դրամ: Այնուամենայնիվ, նախարարը հնարավոր համարեց, որ րոպեավճարի ներդրման հարցը նորից քննարկվի OTE-ի եւ Արմենտելի ղեկավարների հետ եւ դրա կիրառումը նորից որոշակի ժամկետով հետաձգվի: Թե որքան իրական է այս հույսը, դեռեւս անհայտ է, սակայն միանշանակ է, որ րոպեավճարից խուսափել վերջին հաշվով չենք կարող: Բազմաթիվ խնդիրներից, որ առաջանալու են այդ կապակցությամբ, կցանկանայինք առանձնացնել հետեւյալըՙ ինչպե՞ս է բաժանորդը ստուգելու իր անունով գրված հաշիվների ճիշտ լինելը: Արդեն այժմ բազմաթիվ բողոքներ եւ դժգոհություններ են առաջանում նույն սկզբունքով գործող միջազգային եւ բջջային կապի ոլորտում: Եվ երկրորդը, զուտ լրագրողական խնդիր: Րոպեավճարից ամենից շատ տուժելու են զանգվածային լրատվության միջոցները, որոնց համար հեռախոսակապն անհրաժեշտ է օդ ու ջրի պես: Այս հարցը եւս մտահոգիչ է: Արժե, որ այդ մասին խորհեն հատկապես Հայաստանի իշխանության ամենավերին աստիճանում գտնվողները, որոնք սիրում են պարբերաբար, հատկապես հերթական վարկը ստանալիս միջազգային հանրության աչքը խոթել Հայաստանում ազատ մամուլի գոյությունը, որին աջակցելու ուղղությամբ երբեւէ ոչինչ, կամ գրեթե ոչինչ չեն ձեռնարկում:
Վերադառնալով տրանսպորտի եւ կապի նախարարի հաղորդած տեղեկություններին, նշենք նաեւ, որ նրա կարծիքով, Արմենտելի կողմից 100 մլն դոլար ներդրումների իսկության ուսումնասիրությունները կշարունակվեն առնվազն 2 ամիս: Դրանից հետո արդեն ընկերությունը ձեռնամուխ կլինի բիզնես-ծրագրով հաստատված հաջորդ 100 մլն դոլարի ներդրումների իրականացմանը: