«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՀԲ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՁԵՌ ՉԻ ՔԱՇՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՀԲ-ԻՑ

Երեք տարում 150 մլն դոլարՙ 9 ծրագրի համար, որը կարող է դառնալ 190-200 մլն, եթե...

Մայիսի 22-ին Համաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհրդի հաստատած 50 մլն-անոց SAC-4-ի մասին հանրությանը իրազեկելու ցանկությունն էր, թերեւս, ՀՀ ֆինանսների նախարարին դրդել առաաջ անցնելով ՀԲ գրասենյակիցՙ հրավիրել մամուլի ասուլիս ու ավետել SAC-4-ի ու Միջազգային արժույթի հիմնադրամի հաստատած աղքատության ռազմավարական միջանկյալ մոտ 90 մլն դոլար արժողության ծրագրի մասին: Մեկ օր հետո ասուլիս հրավիրեց նաեւ ՀԲ-նՙ տեղեկացնելու ոչ միայն «վաղուց սպասված» ու «չարչրկված» այդ վարկի, այլեւ առաջիկա երեք տարիներին Հայաստանին օգնության ռազմավարական ծրագրի հաստատման մասին, ըստ որի առաջիկա երեք տարիներին Հայաստանը կստանա 150 մլն ԱՄՆ դոլարՙ ընդհանուր թվով 9 ծրագրի համար: Բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Օուեյ Սաադաթի մեկնությամբ, մինչեւ 2003 թվականի ռազմավարական ծրագրի հիմքում, որն, ի տարբերություն նախորդ տարիներին հաստատված համանման ծրագրերի, լինելու է հանրության համար լիովին բաց ու օրերս ամբողջությամբ կհրապարակվի, ՀԲ-ն դրել է երեք նպատակՙ առողջ տնտեսական աճ, աշխատատեղերի հիմնում, չքավորության կրճատում: Դրա համար անհրաժեշտ են գործողություններ երեք ոլորտներում: Առաջինՙ գործարար միջավայրի բարելավումը. պետք է վերացնել ձեռներեցության զարգացման խոչընդոտները, բարելավել օրենքները, պարզեցնել մասնավոր հատված-կառավարություն հարաբերությունները: Երկրորդՙ կառավարական համակարգի բարեփոխումներ, որտեղ հատկապես կարեւորվում է պետական ծառայողի մասին օրենքի ընդունումը: Երրորդՙ մարդկային կապիտալի կուտակումը, որը ՀԲ-ն տեսնում է կրթական ու առողջապահական համակարգի զարգացմամբ: Ընդ որում, գումարի ծավալն ու ծրագրերը կարող են զարգանալ թե՚ որակապես, թե՚ քանակապես, ինչը մեծապես կախված կլինի մի շարք պայմաններից ու առաջին հերթինՙ տարածաշրջանային կայունությունից. 150 մլն-ը կարող է աճել մինչեւ 190_200 դոլարի, կախված նրանից, թեՙ «Հայաստանում խաղաղություն կլինի՞»: Կարճ ասածՙ ամեն ինչ բխելու է տարածաշրջանային կայունությունից, եւ ոչ միայն: Ներքաղաքական կայունությունը եւս անհրաժեշտ պայման է ՀԲ-ի համար, որը, ՀԲ գնահատմամբ, վերջին 8-9 ամիսներին Հայաստանում առկա է: Ահա այդ կայունության, մակրոտնտեսական աճի, ԱՊՀ-ում տնտեսական «լավ ցուցանիշների» վրա հիմնվելով է, որ ՀԲ-ն ստանձնել է նաեւ Հայաստանում ներդրումներ ներգրավելուն օժանդակողի դերը:

ՀԲ հովանու ներքո անցած Նյու Յորքի ներդրումային համաժողովը, ըստ բանկի ներկայացուցչի, մեծ թափ կստանա, եթե նույն թափով շարունակվի աշխատանքը: ՀԲ Երեւանի գրասենյակը այսօր որոշ առումով նման է մի բրոքերի, որն անընդհատ «դիվանագիտական աշխատանք է տանում» ներդնողների շրջանումՙ նրանց համոզելու, ապացուցելու ու երաշխավորելու, որ Հայաստանում կարելի է «փող դնել»: «Դա չի՞ նշանակում արդյոք, որ ներդնողներին բավարար չեն ՀՀ իշխանությունների երաշխիքները», «Ազգի» հարցին ի պատասխան պրն Սաադաթը նշեց, որ դա լիովին նորմալ է. ներդնողները կարիք ունեն տվյալ երկրի մասին նաեւ միջազգային ֆինանսական կազմակերպությունների գնահատականների, որոնք այսօր բարենպաստ են Հայաստանի համար: Ընդհանրապես, ՀԲ-ի աշխատանքի բնույթը որակապես փոխվել է ոչ միայն այդ առումով: «Մենք հիմա այլ Համաշխարհային բանկ ենք», խոստովանեց պրն Սաադաթը: Դա էլ «Ազգի» այն հարցի պատասխանն էր, թե ինչո՞վ բացատրել ՀԲ ավելի ակտիվ աշխատանքը ուղղակի գործարար շրջանակների հետ, նկատի ունենալով բանկի վերջին փակ հանդիպումը ՀՀ արդյունաբերողների ու գործարարների միությունում: «Մենք որդեգրել ենք Սոկրատեսի սկզբունքըՙ եթե ուզում ես իմանալ, թե ի՞նչ է կատարվում երկրում, գնա շուկա»: Նախկինում ՀԲ-ն ուներ տեղեկատվության միայն մեկ պատուհանՙ կառավարությունը, այսօր նա համագործակցում է քաղաքացիական հասարակության բոլոր խավերի հետ: ԸՆդ որում, պրն Սաադաթն այնքան է շրջում ՀՀ տարբեր համայնքներում ու կազմակերպություններում, որ քիչ է մնում նրան առաջարկեն դառնալ ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու:

ՀԲ-ն վերջերս հայտարարել էր, թե առաջիկայում կրճատելու է նախկին սոցերկրներում իր գործունեության շրջանակները, սակայն մինչեւ 2003 թ.-ի եռամյա ռազմավարական ծրագիրը իր մեծությամբ համարյա նույնն է, ինչ որ նախորդ տարիների ծրագրերը: «Ինչո՞վ բացատրել» հարցին ՀԲ-ն բերում է Լեհաստանի օրինակը. այդ երկիրն այսօր ամենամոտն է կանգնած Եվրամիության անդամակցության շեմին, սակայն այնտեղ ՀԲ գրասենյակը մնացել է նույն մեծության: Բանկն արդեն օգնում է այդ երկրին ոչ թե գումարներով, այլ ՙ խորհրդատվությամբ ու այլ ծրագրերով: Պրն Սաադաթը նույնպես, ինչպես եւ հայաստանցիներս, հույս է փայփայում, որ շուտով Հայաստանը եւս ՀԲ գումարների կարիքը չի ունենա: Բանկն այսուհետ աշխատելու է զարգացման, ներդրումային ծրագրերի վրա, դրամաշնորհների ծավալները մեծացնելու վրա: Առաջիկայում այդ առաքելությամբ պրն Սաադաթը կմեկնի Փարիզՙ մասնակցելու դոնոր երկրների հանդիպմանն ու Հայաստանի համար լրացուցիչ գումարներ հայթայթելու: Դրանից հետո Հայաստան կժամանի ՀԲ տարածաշրջանի տնօրեն Յոհաննես Լիննը:

«Միանշանակ կասկածից վեր է, որ ՀԲ-ն շարունակելու է պաշտպանել ԲԷՑ-երի մասնավորեցման գործընթացը», ասաց O. Սաադաթըՙ վերջում պատասխանելով բաշխիչ ցանցերի մասին արդեն հերթապահ դարձած հարցին: Նորից հայտարարվեց, որ 50 մլն-ից 20 մլն «լողացող» տրանշը կտրամադրվի միայն վաճառքի պայմանով: Պրն Սաադաթը համոզված է, որ հենց էներգետիկ համակարգի հաջող մասնավորեցումը կարող է մեծ խթան լինել այլ ներդրումների համար: ՀԲ-ն հաճույքով է տեղեկացել, որ ՀՀ նախագահն ու վարչապետն անձամբ են աջակցում ցանցերի վաճառքի երկրորդ փորձին, որպեսզի «մասնավորեցումը կրկին վերադարձվի իր ուղու վրա»:

ԳԱՅԱՆԵ ՄՈՒՔՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4