Այցելությամբ Թուրքիայում գտնվող «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը «Սթար» թերթին ասել է, թե «քրդական ահաբեկչական PKK կազմակերպությունը կապեր է պաշտպանում Ադրբեջանի իշխանությունների հետ» եւ առանց Բաքվի իմացության «PKK-ի մարտիկներն Ադրբեջանում գործունեություն չէին ծավալի»:
«Հյուրիեթի» կարծիքով, որը հղում է անում թուրքական քաղաքական շրջանակներին, Հեյդար Ալիեւին կփոխարինի հենց Գամբարը: Անմիջապես հետեւել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպանի պատասխանը նույն «Հյուրիեթին». «Ալիեւը սահմանադրության համաձայն 2003 թ. եւս մեկ հնարավորություն ունի ընտրվելու Ադրբեջանի նախագահի պաշտոնում»:
Իսա Գամբարը «Սթարին» ասել է, թե «Մուսավաթի» իշխանության գալու դեպքում ԼՂ հակամարտության կարգավորման գլխավոր դերակատարներից մեկը կլինի Թուրքիան. «Եթե Հ. Ալիեւին հաջողվի կնքել խաղաղության համաձայնագիր, միեւնույն է, չեղյալ է համարվելու, քանի որ Ալիեւն օրինական նախագահ չէ», նշել է Գամբարը: