«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՀԱՅԱԶԳԻ ՄԵՆԵՋԵՐԸ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՐԿԵԼ «ԼՈՒՍԵՆՏ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում ներդնողներն այս հարցն են տալիս, գրում է «Նյու Յորք թայմս» թերթն իր մայիսի 21-ի համարումՙ անդրադառնալով Նյու Ջերսիում տեղակայված «Լուսենտ թեքնոլոջիզ» հեռահաղորդակցության սարքավորումներ պատրաստող ընկերության հետ ֆրանսիական «Ալկատել» ընկերության գործադիր տնօրեն, հայազգի Սերժ Չուրուքի վարած բանակցություններին, որոնք նպատակ են հետապնդում միավորել այդ երկու ընկերությունները:

Ըստ երկու կողմերին մոտ կանգնած մարդկանց, «Լուսենտի» տնօրինությունն այս շաբաթ քննարկելու է հնարավոր միաձուլման պայմանները: Ինչպես նախօրոք նշվել է «Ուոլ սթրիթ ջոռնլ» թերթում, քննարկումները գնում են «հավասարների» շուրջՙ առանց բաժնետերերին հավելավճարումներ տրամադրելու: «Լուսենտի» շուկայական կապիտալիզացիան մի փոքր ցածր է 34 միլիարդ դոլարից: AT&T-ի նախկին մասը կազմող ընկերությունը վերջերս մի քանի վատ գործարքների հետեւանքով սայթաքումներ է թույլ տվել: «Ալկատելի» կապիտալիզացիան մոտ 37 մլրդ դոլար է:

Դեռ անցյալ շաբաթ ներդնողները կասկածանքով էին մոտենում հնարավոր միաձուլման հեռանկարներին: Մամուլում լուրեր էին տարածվել, որ «Ալկատելը» կարող է 20 տոկոսի հավելավճար տրամադրել «Լուսենտի» բաժանորդներին: Դրա հետեւանքով «Ալկատելի» բաժնետոմսերի արժեքը Փարիզում ընկավ 7,2 տոկոսով եւ հասավ 33,40 եվրոյի (29,42 դոլար):

Մինչդեռ «Լուսենտի» բաժնետոմսերի արժեքը 1,4 տոկոսով ավելացավՙ հասնելով 9,95 դոլարի: Երկու կողմերի խոսնակները հրաժարվել են որեւէ մեկնաբանություն անել միաձուլման հնարավորությունների վերաբերյալ:

Ըստ «Նյու Յորք թայմսի»ՙ զինամթերքի արտադրության ինժեներ, 63 տարեկան պր Չուրուքն օտար անուն չէ ծանր դրության մատնված ընկերությունները գնելու եւ դրանք վերագործարկելու ասպարեզում: Ֆրանսիայում նրան ճանաչում են որպես «բեկումնային» մենեջերի կամ «փլուզվող ֆիրմաների փրկչի»: «Ալկատելում» սկսել է աշխատել 1995 թվից, երբ ընկերությունը դեռ որոնումների մեջ էր: Մուտք գործելով այնտեղ, նա այդ ժամանակ հայտարարել էր. «Այս ընկերությունը կարիք ունի կարգ ու կանոնի եւ նոր մտահղացումների: Առաջինը ես խոստանում եմ ապահովել»: Գործի անցնելով, նա վերանորոգման խիզախ քայլերի է դիմել եւ շեշտը դրել այդ ժամանակ դեռ միայն արտադրության 40 տոկոսը կազմող հեռահաղորդակցական սարքավորումների վրա: Հետեւանքում միլիարդ դոլար արժողությամբ գնումների մի բում է սկսվել, որի ընթացքում կուլ են գնացել հյուսիսամերիկյան մի շարք խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Տեխասի «DSC»-ին (1998-ին) եւ Կանադայի «Նյուբրիջ նեթուորքսը»-ը (2000 թ.-ին): «Ալկատելի» գործունեությունը մեծապես ծավալվել է, եւ հեռահաղորդակցության սարքավորումների արտադրությունն անցյալ տարի հասել է 75 տոկոսի:

Ավելորդ չէ նշել, որ այս ասպարեզում եկամուտների 22 տոկոսը գալիս է ԱՄՆ-ից: Սակայն ներդնողներին եւ մեկնաբաններին մտահոգում է այն հարցը, թե ինչ կարող է տալ «Ալկատելին» այդ միաձուլումը: Ոմանք մեծ ռիսկ են համարում այդ քայլը, հաշվի առնելով «Լուսենտի» տխուր վիճակը: Այդ ընկերությունը վերջերս կորցրել է 3_7 մլրդ դոլար եւ հայտնի չէ, թե երբ կվերագտնի իրեն:

«Ալկատելը» լավագույն դեպքում կարող է օգտագործել «Լուսենտի» անթել ինֆրակառույցների սարքավորումները, որոնք տարբեր տեխնոլոգիաներով են պատրաստվում այնտեղ, ուստի «Ալկատելը» դրանցով կարող է նոր շուկաներ (օրինակ, Չինաստանը) բացել իր համար: «Ալկատելի» օպտիկական բաժանմունքը եւս կարող է մեծապես օգտվել «Լուսենտի» սպառողական շուկաներից: Բայց ամենակարեւորըՙ միաձուլման հետեւանքով «Ալկատելն» էլ ավելի կամրապնդի իր դիրքերն ԱՄՆ-ում:

Պրն Չուրուքը տարբեր է իր ամերիկացի գործընկերներից: Նրա անձնական կյանքի մասին քիչ բան է հայտնի: Իսկական անունը ինչպես գրել ենք նախապես, Սերժ Չյուրիքդիշյան է: Ծնվել է 1937 թ. Մարսելում, քեմալականների սպանդից մազապուրծ եւ Թուրքիայի Քյոթահիա նահանգից Ֆրանսիա գաղթած Չյուրիքդիշյանների ընտանիքում: Մեծ հարգանք է վայելում ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի տնտեսական եւ գործարար շրջանակներում: Խոշոր ընկերությունների («Մոբիլ», «Տոտալ», «Ռոն փուլենք», «Սե-Տե-Էֆ-Շիմ») հեղինակությունը, ամրապնդումն ու հետագա ծաղկումը կապված են նրա անվան հետ:

«Նա արտակարգ խստապահանջ անձնավորություն է», ասում է տնտեսագիտության պրոֆեսոր եւ Ֆրանսիայի ազգային գիտահետազոտական ինստիտուտի հետազոտության բաժնի տնօրեն Էլի Քոհենը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4