«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ՈՒԺԵՐԸ ՀԵՌԱՑԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԼԻԲԱՆԱՆԻՑ

Ինթիֆադան կշարունակվի, քանի դեռ Թել Ավիվը չի հրաժարվում իր ծավալապաշտական քաղաքականությունից

Այսօր Լիբանանը նշում է «Դիմադրության եւ ազատագրության» տոնը: Ուղիղ մեկ տարի առաջ իսրայելական զինված ուժերը լիբանանյան դիմադրության կրակի տարափի տակ հեռացան Լիբանանի հարավից: Արաբա-իսրայելյան հակամարտության ավելի քան կեսդարյա տարեգրության մեջ առաջին անգամ իսրայելյան ագրեսորներն առանց որեւէ նախապայմանի հեռացան գրավյալ տարածքներից: «Այդուհանդերձ, այս ազատագրությունը չի ամբողջանալու, քանի դեռ Իսրայելը չի հեռացել Հարավային Լիբանանում գտնվող Շաաբա ագարակներից եւ միջազգայնորեն ճանաչված Լիբանանի սահմանի երեք այլ կետերից: Լիբանանը շարունակում է պահանջել, որ Իսրայելն ամբողջովին կատարի ՄԱԿ-ի ԱԽ 1978 թ. թիվ 425 որոշումը, ազատ արձակի իսրայելյան բանտերում պահվող լիբանանյան քսան գերիներին, որոնք առեւանգվել էին իրենց տներից, եւ իսրայելական զինվորական դատարանըՙ խախտելով միջազգային օրենքներն ու նորմերը, առանց դատավարության նրանց ճանաչել է պատանդներ: Հարավային Լիբանանից իսրայելյան ուժերի հեռանալուց հետո իրենց իսկ ցանած ավելի քան 130 հազար ականները բազմաթիվ լիբանանցիների կյանք են խլել եւ շարունակում են մնալ սպառնալիք:

Իսրայելը մերժում է Հարավային Լիբանանի ազատագրված տարածքի ականապատման քարտեզը տրամադրել այնտեղ տեղաբաշխված միջազգային խաղաղապահ ուժերին, հետեւապես պատասխանատվություն է կրում նաեւ դրա համար: Լիբանանը շեշտում է, որ տարածաշրջանում չի լինելու խաղաղություն, քանի դեռ պաղեստինցիները եւ մասնավորապես Լիբանանում ապրող 300 հազար փախստականները չեն կարող վերադառնալ իրենց բնակավայրերըՙ Պաղեստին: Լիբանանը կարծում է, որ առանձին պետությունների հետ մեկուսի խաղաղության պայմանագրեր կնքելով տարածաշրջանում չի իրագործվի համապարփակ խաղաղություն: Գործընթացին պետք է մասնակցեն պաղեստինցիները, Սիրիան եւ Լիբանանը», երեկ լրագրողներին հայտարարեց ՀՀ-ում Լիբանանի դեսպան Թոնի Բադաուին: Հանդիպումը նվիրված էր «Դիմադրության եւ ազատագրության» տոնի տարեդարձին: «Խաղաղության գործընթացը հիմնված է Մադրիդի խորհրդաժողովի եւ ՄԱԿ ԱԽ թիվ 242, 338 եւ 425 որոշումների վրա, սակայն Իսրայելի ներկայիս վարչապետը մերժում է վերոնշյալ բանաձեւերը, չի ճանաչում Օսլոյի համաձայնագրերն ու Իսրայելի նախորդ կառավարությունների ընդունած որոշումները», նշեց պրն Բադաուին:

2000 թ. մայիսի 24-ն աննախադեպ իրադարձություն է Մերձավոր Արեւելքի վերջին տասնամյակների պատմության մեջ. 22-ամյա բռնազավթումից հետո, շնորհիվ լիբանանյան դիմադրական ուժերի պայքարի, անլուր զոհողությունների, Իսրայելը ստիպված եղավ լքել գրավյալ տարածքները: «Հարավային Լիբանանից իսրայելյան ուժերի հեռացումը Բեյրութին չի պարտադրում մեկուսի համաձայնություն կնքել Իսրայելի հետ: Լիբանանը եւ Սիրիան սերտորեն համագործակցում են, Իսրայելի նկատմամբ նույնացնում են իրենց դիրքորոշումները, նպատակադրել են հասնել իսրայելյան ուժերի գրաված արաբական տարածքների վերադարձման, այդ թվումՙ Գոլանի բարձունքներից մինչեւ 1967 թ. միջազգայնորեն ճանաչված սահմանները», ասաց ՀՀ-ում Լիբանանի դեսպանը, ավելացնելով, որ Լիբանանը նախընտրում է արաբական իղձերի իրականացմանը հասնել խաղաղության բանակցություններով. «Մեր նպատակների իրականացման համար պատերազմը միակ միջոցը չէ»:

Աշխարհում բնակվող 300 մլն արաբ ժողովուրդն իր զայրույթը Իսրայելի ծավալապաշտական քաղաքականության դեմ արտահայտում է ոչ միայն ազատագրական պայքարով, այլեւ տնտեսական պատժամիջոցներով: Ինչպես արաբական մյուս երկրներում, Լիբանանում նույնպես արգելված են իսրայելական ապրանքների ներմուծումն ու վաճառքը:

Լիբանանը Հարավային Կովկասի երեք հանրապետություններից դիվանագիտական հարաբերություններ ունի միայն Հայաստանի հետ: Դեսպան Բադաուին հայ-լիբանանյան հարաբերությունները բնորոշեց «ընտանեկան» բառով: «Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Լիբանանը հարաբերություններ չունի, բայց պրոբլեմներ էլ չունի», ասաց դեսպանը:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4