«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՙ ԿԻՊՐՈՍՈՒՄ

Կիպրահայ համայնքի «Փարոս» երկլեզվյան ամսաթերթում Երան Գույումճյանը գրում է Նիկոսիայում գործող հայկական հետազոտական մի կենտրոնի մասին, որի հիմնադիրն ու վարիչ-պատասխանատուն է Վարդան Մալյանը: Նույնիսկ կիպրահայ համայնքին քիչ ծանոթ լինելու հանգամանքը ստիպել է թերթին անդրադառնալ կենտրոնի գործունեությանը երկու մեծադիր էջերի վրա, որտեղից էլ քաղում ենք հետեւյալ տեղեկությունները:

Կենտրոնի հնամյա եւ ընդարձակ սրահը տեղավորված է Լետրա պողոտային զուգահեռ Օնասագորաս փողոցում գտնվող անշուք մուտքով մի շենքի երկրորդ հարկում, որի վրա գրված է Amnesty International:

Հիմնադիրըՙ Վարդան Մալյանը, հաճնցի ծնողների զավակ է: Ծնվել է Հունաստանում եւ Կիպրոս է տեղափոխվել 1931-ին: Գործադիր անդամ է «Միջազգային ներում» կազմակերպության եւ անդամ Կիպրոսի Մարդու իրավունքների ընկերակցության: Ամուսնացած է, ունի երկու զավակ, որոնք Մելգոնյանի շրջանավարտ են: Անձնական ջանքերով եւ նյութական միջոցներով նա տարբեր բնույթի գործերով այցելել է 16 երկրներ եւ հավաքել հայության հետ կապված վերջին 200 տարվա տվյալներ: Հատկանշական են նրա այցելությունները կղզու թուրքական մաս: Նա այնտեղ արձանագրել է տվել հայկական բոլոր տները եւ առաջարկել ստեղծել Հայկական ազգային մի հանձնախումբ, որը զբաղվեր այնտեղ թողնված կալվածքների, տների եւ այլ ունեցվածքների ցուցակագրությամբ:

Իր ջանքերով անգլերենից հունարենի են թարգմանվել Հայկական ցեղասպանությանն առնչվող մի շարք գրքեր: Դրանցից «Վերապրողները» (The survivors), ըստ նրա խոսքերի, շուտով բեմադրվելու է Ամերիկայումՙ հունաամերիկյան կազմակերպության օժանդակությամբ եւ կիպրոսցի հայտնի արվեստագետների դերակատարությամբ: Մյուսների թվում են «Հափշտակված Հայաստանը եւ Օրորա Մարտիկանյանի պատմությունը», «Լռության ոճիրը» եւ «Թուրքիայից դուրս» գրքերը: Առաջին գրքից մեկական օրինակ եւ 100-ական կիպրական ոսկի գումար որպես մրցանակ հատկացրել է «Նարեկ» ազգային վարժարանի եւ Մելգոնյան կրթական հաստատության լավագույն ուսանողներին: Անձնական նախաձեռնությամբ Մալյանը զբաղվել է նաեւ Մակարավանքի հարցով, որի շուրջ դատական գործ է հարուցված: Դատական մի վճռով առայժմ դադարեցված է ամեն տեսակի գործունություն ծավալել այդ տեղամասում: Մալյանը խիստ մտահոգված է համալիրի ճակատագրով: «Մի զարմանաք, եթէ օր մը պուլտոզերը գայ եւ հիմնայատակ կործանէ... Մակարավանքը եւ անոր տեղ զետեղէ ցուցատախտակ մը նշելով, թէ այնտեղ ժամանակին վանք մը գոյութիւն ունեցած է», ասում է նա: Այդ հարցով նա դիմել է ինչպես Էջմիածնի եւ Անթիլիասի գահակալներին, այնպես էլ Հայաստանի կառավարությանը:

Մալյանը մտահոգված է նաեւ իր ստեղծած կենտրոնի հետագա ճակատագրով: «Գրքերը յետմահու կտակած եմ Առաջնորդարանին, դժբախտաբար, տակաւին ոչ մէկը եկաւ զանոնք արձանագրելու, ոչ ալ հետաքրքրուեցաւ անոնցմով: Այս կեդրոնը առանձնապէս կը ֆինանսաւորուի իմ անձնական միջոցներով: Պիտի խնդրէի, որ գոնէ տեղ մը յատկացուէր ինծի, որպէսզի հոն փոխադրէի կեդրոնը: Ամեն ինչ կտակած եմ կիպրահայ համայնքին», ասում է Մալյանը, որի օրինակը մտածել է տալիս այն մասին, թե նվիրվածության դեպքում ինչեր կարող է անել յուրաքանչյուր հայՙ ի նպաստ մեր պատմական արժեքների պահպանմանը:

Հուսանք, որ նրա ձայնը լսելի կդառնա, եւ կիպրահայ համայնքը պատշաճ ուշադրություն կդարձնի նրա ստեղծած կենտրոնին:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4