Հին Հալեպի Շեբանի թաղամասի հնագույն պատմական կառույցում անցկացվեց կանանց արվեստի միջազգային փառատոն, որի նպատակն էր կանանց ստեղծագործությունների միջոցով ներկայացնել հին ու նոր քաղաքակրթությունների երկխոսությունը: Ավանդական դարձած այս տարվա միջոցառմանը մասնակցում էին 18 երկրներից (Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Սիրիա, Դանիա եւ այլն) պատվիրակություններ: Յուրաքանչյուր երկրին տրամադրված էր սրահ, որտեղ կազմակերպվում էին գեղանկարչական, լուսանկարչական ցուցահանդեսներ, թատերական ներկայացումներ, համերգներ, գրական երեկոներ: Միաժամանակ անց էին կացվում մշակութային երկխոսություններ, կոնֆերանսներՙ նվիրված ստեղծագործող կանանց դերին, ստեղծագործողների միջեւ համագործակցության զարգացմանը:
Հայաստանից մասնակցում էին ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար Ալիս Ադամյանը, նախարարության սփյուռքի հետ համագործակցության վարչության պետ Սպարտակ Ղարաբաղցյանը եւ նկարչուհի Թենի Վարդանյաննՙ իր ստեղծագործություններով, որոնք էլ մեծ հետաքրքրություն առաջացրին: Կարեւոր էր նաեւ հալեպահայ կին արվեստագետների մասնակցությունը փառատոնին: Մայիսի 7-ին կայացավ ֆլեյտահարուհի Զվարթ Մարդիկյանի եւ դաշնակահարուհի Լուսնյակ Սամվելյանի համերգը, որի ընթացքում կատարվեցին Կոմիտասի, Ա. Խաչատրյանի, Ա. Սպենդիարյանի, ինչպես նաեւ համաշխարհային երաժշտության նմուշներ: Փառատոնը համընկավ նաեւ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի մահվան 5-րդ տարելիցին, եւ այդ առթիվ Հալեպի «Սիս» մշակութային կենտրոնում, որտեղ քանդակագործը 1994 թ. ստեղծել էր պատմամշակութային հուշարձան, կազմակերպվեց հիշատակի երեկո, որին մասնակցեցին միջազգային փառատոնի մասնակիցներ, հյուրեր եւ հալեպահայ համայնքի ներկայացուցիչներ: Փոխնախարար Ալիս Ադամյանի կարծիքով, «նմանատիպ միջազգային նշանակության միջոցառումները շատ կարեւոր են ոչ միայն մեր մշակույթի զարգացման, այլ նաեւ սիրիահայ համայնքի ներուժը ճիշտ օգտագործելու համար: Սակայն ցավով պետք է նշեմ, որ նախորդ տարիներին Հալեպում կանանց փառատոնի կազմակերպման վերաբերյալ տեղեկատվությունը եղել է թերի, որը պատճառ է հանդիսացել մեր երկրի ոչ լիարժեք մասնակցությանը: Այս համատեքստում առավել քան կարեւոր դեր ունի Հալեպում ՀՀ հյուպատոսությունը, որը հայ մշակույթը ներկայացնելու սրտացավ ու շահագրգիռ կեցվածք պետք է ցուցաբերի»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ