«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#93, 2001-05-23 | #94, 2001-05-24 | #95, 2001-05-25


ՆԿԱՐԻ ՄԵՋՙ ՊՈԵԶԻԱ, ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՄԵՋՙ ԳՈՒՅՆ

Մայիսի 23-ին Երեւանի նկարչի տանը բացվեց նկարիչ, բանաստեղծ Արեւշատ Ավագյանի անհատական ցուցահանդեսը: Մի քանի տասնյակ աշխատանքներՙ գրաֆիկա եւ գեղանկար, ներկայացրին մեզ հեղինակի հիմնականում վերջին տարիների խոհափիլիսոփայական մտորումներըՙ հանձնած կտավին եւ մարմնավորած երփներանգ ու թանձր գույներով:

Արեւշատ Ավագյանը մեզանում այն սակավ արվեստագետներից է, ում ներաշխարհին հոգեհարազատ են մոլորակի, կյանքի եւ դրանց դաշտումՙ մարդ անհատի տիեզերական ընկալման ճշմարիտ ոգորումները:

Ներքին հայացքը հառելով առ երկինք, մարդն ու արվեստագետն իր վրձնի եւ գրչի ներածին զորությամբ փորձում է իր եւ բոլորիս առջեւ հնչեցնել մարդկային գոյին, բնությանը եւ տիեզերքին փոխառնչվող հարցեր եւ յուրովի պատասխանել դրանց: Այդպիսին է հիմնականում նրա պոեզիան: Այդպիսին եւ ներկայացավ մեզ հիշյալ ցուցահանդեսը: Անկեղծ հուզական պոռթկումով եւ բանական խորաթափանց դիտարկումներով տոգորված Արեւշատ Ավագյանի կտավները մեկ շոյում են աչքդ, մեկՙ հնչեցնում հոգուդ լարերը, մեկՙ լուռ եւ ինքնամփոփ զննման տեղիք տալիս: Սրանում է, անշուշտ, ասելիք ունեցող իսկական արվեստագետի նվաճումը:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4