«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ

<20019603.jpg>

Եվ ի տարբերություն ՆԱՏՕ-իՙ ոչ թե ընդարձակման, այլ ընդհանուր սահմանները պաշտպանելու նպատակ է հետապնդում

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱՊՀ Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) անդամ վեց պետությունների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Կիրգիզիա, Տաջիկստան) երեւանյան գագաթաժողովն իրավամբ կարելի է համարել պատմական: Իննամյա անգործությունից հետո ՀԱՊ-ը հավակնություններ ունի դառնալու ռազմաքաղաքական դաշինք, որը, սակայն, ի տարբերություն ռազմաքաղաքական, ինչու չէՙ ագրեսիվ ՆԱՏՕ-ի, ոչ թե ընդարձակման, այլ պայմանագրի անդամ երկրների ընդհանուր սահմանները պաշտպանելու նպատակ է հետապնդում: Չի բացառվում, անշուշտ, որ ՀԱՊ-ին անդամակցելու ցանկություն հայտնեն ԱՊՀ այլ պետություններ, օրինակ, Ադրբեջանը, Վրաստանը, Ուզբեկստանը, որոնք ՀԱՊ-ի անդամ էին եւ այդ անդամությունը սառեցրել են երկու տարի առաջ: Գործունեության կամ «չգործության» ինը տարիների ընթացքում ՀԱՊ-ի անդամ պետությունների հանդիպումներում անընդհատ նշվել է, որ ՀԱՊ-ը ներքին հակամարտություններին չի միջամտելու: Օրինակ, Ադրբեջանը եւ Վրաստանը պայմանագրին անդամակցեցին առաջինը ԼՂ, երկրորդըՙ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները, Մոսկվայի օգնությամբ, ի նպաստ իրենց լուծելու ակնկալիքով:

Երեւանյան գագաթաժողովի ավարտին նախագահներ Ռ. Քոչարյանի, Վլ. Պուտինի, Ալ. Լուկաշենկոյի, Ն. Նազարբաեւի, Ա. Ակաեւի, Է. Ռահմոնովի համատեղ մամլո ասուլիսում նշվեց, որ ՀԱՊ-ը բաց կառույց է ԱՊՀ այլ պետությունների համար, եւ ցանկացողները կարող են անդամակցել: Կիրգիզիայի նախագահը նշեց, որ նման հարց նախագահների հանդիպման ընթացքում չի քննարկվել, քանի որ անդամակցել ցանկացող պետություն չի եղել: Առայժմ: Չի բացառվում ՀԱՊ-ին անդամակցելու Մոլդովայի մոտալուտ ցանկությունը. ինչպես հայտնի է, ձմռանն այս երկրում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն, նախագահի պաշտոնում ընտրվեց կոմունիստ առաջնորդ: Հաշվի առնելով Մոլդովայիՙ Ռուսաստանի հետ հարաբերությունները սերտացնելու պատրաստակամությունը, իսկ Ռուսաստանն է հենց ՀԱՊ-ի ողնաշարն ու գլխավոր դերակատարը, Քիշնեւը թերեւս Բելառուսի հետ դառնա ՀԱՊ-ի արեւմտյան սահմանների պաշտպանը: Մոսկվան ԱՊՀ տարածքում ձեւավորում է ռազմաքաղաքական պաշտպանական համակարգ երեք ուղղություններովՙ հարավային (Հայաստան եւ Ռուսաստան), արեւմտյան (Բելառուս եւ Ռուսաստան), կենտրոնասիական (Տաջիկստան, Ղազախստան, Կիրգիզիա եւ Ռուսաստան):

Հայաստանի նախագահ Ռ. Քոչարյանը ՀԱՊ երեւանյան գագաթաժողովը համարեց «նշանավոր», նշելով, թե հանդիպումն անցել է «շատ ջերմ մթնոլորտում»: Նստաշրջանում ընդունվել են երեք կարեւոր որոշումներ, ինչը թույլ տվեց Ղազախստանի նախագահ Նազարբաեւին ասելու, որ ՀԱՊ-ն այլեւս ամորֆ կառույց չէ:

Վեց երկրների նախագահների մակարդակով Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում որոշվեց Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար ձեւավորել տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժեր, ինչպես նաեւ ընդունվեցին որոշումներ հավաքական անվտանգության համակարգերի ձեւավորման եւ գործունեության հարցերի վերաբերյալ:

Համատեղ մամլո ասուլիսում նախագահները կարեւորեցին միջազգային ահաբեկչությանը եւ կրոնական ծայրահեղականությանը միասնական ջանքերով դիմակայելու անհրաժեշտությունը: ՀԱՊ մասնակից պետությունների ղեկավարները ստորագրեցին քաղաքական հայտարարություն, ուր մասնավորապես ընդգծվում էր, որ ՀԱՊ-ի անդամ պետությունների միջեւ փոխգործակցությունը բաց է եւ թափանցիկ, ուղղված չէ այլ երկրների դեմ:

Նշենք նաեւ, որ արդեն օգոստոսին Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի համար կձեւավորվեն տարածաշրջանային արագ արձագանքման հավաքական ուժերՙ շուրջ 1500-2000 զինվորների թվաքանակով: Արագ արձագանքման հավաքական ուժերի գործադիր մարմինը կտեղաբաշխվի Կիրգիզիայի մայրաքաղաք Բիշքեկում: Ենթադրվում է նաեւ, որ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը եւս կտեղաբաշխվի Բիշքեկում:

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա վեց ամիսներին, մինչեւ հաջորդ գագաթաժողով, կզբաղեցնի Հավաքական անվտանգության պայմանագրի նախագահի պաշտոնը:

Հ. Գ.

ՀԱՊ երեւանյան գագաթաժողովը կազմակերպված էր հրաշալիՙ նաեւ լրագրողներիս համար: Մի քանի անգամ առիթ եմ ունեցել լուսաբանել ՀԱՊ-ի եւ ԱՊՀ-ի գագաթաժողովներՙ տարբեր հանրապետություններում եւ անկեղծորեն պետք է խոստովանեմ, որ երբեք լրագրողների համար ֆաքսից, ինտերնետից, էլեկտրոնային փոստից, միջազգային հեռախոսից անվճար օգտվելու նման հնարավորություն չէր ստեղծվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4