Մայիսի 26-ին կսկսվի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի պաշտոնական այցը Հայաստան: Նրա գլխավորած պատվիրակության կազմում են Անվտանգության խորհրդի պետական քարտուղար, ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականը, փոխվարչապետը, որը նաեւ արտաքին գործերի նախարարն է, պաշտպանության, գյուղատնտեսության ու պարենի նախարարները, Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալը, պաշտոնատար այլ անձինք:
Մայիսի 26-ի առավոտյան ՀՀ նախագահի նստավայրում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց կունենա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը զուգահեռ տեղի կունենան հայ-բելառուսական բանակցություններՙ ընդլայնված կազմով: Այնուհետեւ տեղի կունենա համատեղ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Երկու երկրների նախագահները կստորագրեն «Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ բարեկամության եւ համագործակցության մասին» պայմանագիրը, կստորագրվեն նաեւ համաձայնագրեր Հայաստանի եւ Բելառուսի կառավարությունների միջեւ ներդրումների իրագործմանն աջակցելու եւ փոխադարձ պաշտպանության մասին, արդարադատության, կրթության բնագավառներում համագործակցության մասին: Նախատեսվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ մամուլի ասուլիսը:
Պաշտոնական այցի շրջանակում Բելառուսի նախագահը կայցելի Հայոց ցեղասպանության թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի Մեծ Եղեռնի զոհերի հուշակոթողին եւ կմասնակցի ծառատունկին: Ալեքսանդր Լուկաշենկոն կլինի նաեւ Մատենադարանում, Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում:
Մայիսի 27-ին կավարտվի Բելառուսի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: