<20019604.jpg>
ՌԴ նախագահ Վլ. Պուտինը Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտին երեկ Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում, պատասխանելով «Սնարքի»ՙ «ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահները հույս են հայտնել, որ ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով կհաջողվի լուծել մինչեւ 2001 թ. ավարտը:
Ձեզ չի՞ թվում, որ ռուսական կողմիՙ գործընթացում նմանօրինակ կարգավորման հայտարարությունը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ» հարցին, նշեց.
«Թվում է: Ինչպիսի հարց, այնպիսի պատասխան: Բայց կցանկանայի լրացուցիչ մի քանի խոսք ասել: Պետք է վստահեցնեմ, որ եթե չլինեին այն հետեւողական ջանքերը, որոնք գործադրել է Ռուսաստանն այս տարածաշրջանում, խաղաղության հաստատումը, այդ թվում նաեւ այնպիսի բարդ հակամարտության կարգավորումը, ինչպիսին ղարաբաղյան խնդիրն է, ապա հազիվ թե մյուս համանախագահողներին հնարավորություն ընձեռվեր նման տպավորություն արտահայտել, անել հայտարարություններ: Դա գիտի Ռոբերտ Քոչարյանը, դա գիտի Հեյդար Ալիեւը: Մեր միջնորդական ջանքերը վերջին շրջանում շատ են ակտիվացել, մենք շփումներ ենք պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ: Հենց դա էլ թույլ տվեց նախագահների միջեւ հանդիպումներ անցկացնել, այդ թվում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Ապագայում էլ նպատակադրված ենք ուժեղացնել մեր ջանքերը: Մենք ելում ենք այն բանից, որ առանձնահատուկ հարաբերություններ ունենք ե՚ւ Ադրբեջանի, ե՚ւ Հայաստանի հետ: Մենք պատրաստ ենք այդ առանձնահատուկ հարաբերությունն օգտագործել ի նպաստ տարածաշրջանի բոլոր երկրների: Մեկ բան եմ ուզում զգուշացնել. մենք այդ առանձնահատուկ հարաբերությունները, անտարակույս, չենք օգտագործելու երկու կողմերի վրա ճնշումներ բանեցնելու համար: Մենք ելնում ենք այն բանից, որ միայն Հայաստանը եւ Ադրբեջանն են ունակ պայմանավորվելու: Իսկ մենք Մինսկի խմբի մյուս անդամների հետ պետք է լինենք միջնորդներ, ձեռք բերված պայմանավորվածությունների երաշխավորներ: Ուզում եմ հույս հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության, երկու երկրների ժողովուրդների միջեւ պայմանավորվածության պետք է հասնել մոտ ապագայում: Որքան շուտ, այնքան լավ: Ռուսաստանը սրանում չափազանց շահագրգռված է»: