<20019602.jpg>
Վաղը, կիրակի, առավոտյան ժամը 11-ից սկսած, հովվապետական այցով Մ. Նահանգների Արեւելյան թեմում գտնվող Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական պատարագ է մատուցելու Նյու Յորքի նշանավոր Կենտրոնական այգում (Central Park), որտեղ ակնկալվում է շուրջ 20 հազար հոգու ներկայություն: Ծրագրվում է սուրբ պատարագը ուղիղ եթերով հեռասփռել տեղի հեռուստակայաններով:
Իսկ այսօրվա համար նախատեսված է մեկ այլ միջոցառում նույն վայրում: Վեհափառ հայրապետի գլխավորությամբ տեղի կունենա քայլամարաթոն դեպի Կենտրոնական այգի, որի ընթացքում հանգանակված գումարները կտրամադրվեն Արեւելյան թեմի առաջնորդարանի Հայաստանի օգնության ֆոնդի (ՀՕՖ) ծնողազուրկ երեխաների օգնության ծրագրին: Դրան կհետեւի վերընծայման ժամերգություն Նյու Յորքի առաջնորդանիստ Սուրբ Վարդան մայր եկեղեցում, ինչպես նաեւ մշակութային ծրագիր առաջնորդարանի «Գավուքճյան» սրահում:
Մ. Նահանգներում Վեհափառ հայրապետի այցելության վերջին օրը կնշանավորվի Սուրբ Վարդան եկեղեցու բակում կազմակերպված «դաշտագնացությամբ», որի ընթացքում հավատացյալներն առիթ կունենան մեկ անգամ եւս ստանալու նրա օրհնությունը եւ հրաժեշտ տալու Հայ եկեղեցու պետին: