ՍՏԱՄԲՈՒԼ, 25 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկահայերը խիստ ակտիվացել ենՙ տեղեկանալով, որ Միջին Անատոլիայի գյուղացիները տնտեսական ճգնաժամի պատճառով վաճառքի են հանել իրենց գյուղերը: Այս մասին գրում է թուրքական «Միլիեթ» թերթը: «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում գրել է, թե «սա լավագույն առիթն է հայերի համարՙ վերստին տիրանալու իրենց հողերին»:
«Սա հրաշալի առիթ է հայերի համար, որոնք 1915 թ.-ից վտարված են իրենց հողերից: Անատոլիայի հարյուրավոր գյուղեր եւ գյուքաղաքներ իրականում պատկանում են հայերին: Եվ հիմա այս հողերը կարող ենք հետ ստանալ», գրում է Հարութ Սասունյանը:
Հոդվածագիրը հայտնում է նաեւ, որ գյուղերից յուրաքանչյուրը վաճառվում է 1 մլն 300 հազար դոլարով: Այսպիսով, վճարելով 14 մլն. դոլար, կարելի է գնել վաճառվող 11 գյուղերը: Սասունյանը գիտակցում է, որ թուրքական կառավարությունը թույլ չի տա, որ սփյուռքահայերը ուղղակի կերպով գնեն այս գյուղերը: «Դրա համար պետք է ուղիներ փնտրել», ավելացնում է նա:
Հարութ Սասունյանի հոդվածը եզրափակվում է այսպես. «Հիմա ուրիշ ճար չունենք, բացի դրամով այն հողերը գնելուց, որոնք իրականում հայերի հայրենիքն են»: