Ռուսական քաղաքական որոշ շրջանակներ հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված ներկա վիճակը տարբեր կերպ են մեկնաբանում: Առավել հաճախ այդ հարաբերությունները բնորոշում են մեկ բառովՙ «բարդ»:
Ինչպե՞ս է գնահատում Երեւան-Մոսկվա հարաբերությունները Ռուսաստանում Հայաստանի դեսպան Սուրեն Սահակյանը: «ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի բնական, շատ լավ, բարեկամական հարաբերություններ: Հավաքական անվտանգության պայմանագրի գագաթաժողովի արդյունքներից ելնելով կարող ենք ասել, որ մենք վարում ենք ընդհանուր քաղաքականություն, ունենք ընդհանուր քաղաքական գիծ, ընդհանուր շահեր, որոնք հարկ եղած դեպքում պետք է պաշտպանենք նաեւ ռազմական ճանապարհով: Համենայն դեպս, ՌԴ-ում պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ ես ռուս դիվանագետներից հարաբերությունների վատթարացման ակնարկներ չեմ լսել: Տնտեսական խնդիրներ ունենք: Մենք ՌԴ-ին պարտքեր ունենք, դրանք ընթացիկ հարցեր են, լինում են խոսակցություններ: Տնտեսական ոլորտում չակերտներով կոշտ խոսակցություններ են ստացվում: Բայց դա բացարձակապես հարաբերությունների հետ կապ չունեցող հարց է», «Ազգի» խնդրանքով հայ-ռուսական հարաբերություններն այսպես բնորոշեց Հայաստանի դեսպանը: Մեր մեկ այլՙ «Մոսկվայում աղոտ չե՞ն պատկերացնում ինչ ասել է «կոմպլեմենտար» արտաքին քաղաքականություն, այդ բառի տակ չե՞ն հասկանում Հայաստանիՙ Արեւմուտք թեքվելու միտում» հարցին պրն Սահակյանը պատասխանեց. «Նախարար Օսկանյանի մոսկովյան բոլոր այցերին ուղեկցում եմ, հանդիպումներին ներկա եմ լինում: Նման բան չկա: ՌԴ-ն շատ լավ հասկանում, պատկերացնում էՙ Հայաստանն անկախ պետություն է, որն այլ երկրների հետ հարաբերություններ է հաստատում տարբեր ուղղություններով, տարբեր շառավիղներով: Մենք ունենք տարբեր տեսակի շահեր, ոչ մի անգամ եւ ոչ ոք իրավունք չունի մեզ ասելուՙ ինչ անենք: Մոսկվայում հասկանում են, որ տնտեսական օգնությունը գալիս է ոչ միայն ՌԴ-ից, այլեւ ԱՄՆ-ից, Եվրոպայից: Բացարձակապես առանց խանդի են վերաբերվում, շատ լավ հասկանալով, որ մեր քաղաքական, տարածաշրջանային անվտանգությունը կապված է ՌԴ-ի հետ: Վա՞տ է, որ Հայաստանը տարածաշրջանում չի ստեղծում հակասություններ խոշոր տերությունների միջեւ: Հակառակը, դա գնահատում են»:
Թ. Հ.