ԲԱՔՈՒ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ադրբեջանական ժողովրդին ամենաբարձրյալի օրհնությունները մաղթեց Մոսկվայի եւ Համայն Ռուսաստանի պատրիարք Ալեքսիյ Երկրորդը Բաքվի «Թազա Փիր» գլխավոր մզկիթ այցելած ժամանակ: «Մենք գիտենք Ադրբեջանում ավանդական կրոններ դավանող հավատացյալների բարի հարաբերությունների մասին», ասաց ռուսական ուղղափառ եկեղեցու հովվապետը:
Կովկասի մահմեդականների հոգեւոր վարչության պետ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն նշեց սրբազան պատրիարքիՙ Ադրբեջան ձեռնարկած այցի կարեւոր նշանակությունը երկու պետությունների համար: Շեյխը, որն այդ այցի նախաձեռնողներից մեկն է, Ռուսական Ուղղափառ եկեղեցու առաջնորդի ժամանումը դիտում է որպես տարածաշրջանի բոլոր մահմեդականների հանդեպ առանձնակի հարգանքի նշան:
Ալեքսիյ Երկրորդը այսօր այցելեց Բաքվի կենտրոնում գտնվող Լեռնային զբոսայգու զոհվածների ծառուղի, որտեղ թաղված են 1990 թվականի հունվարյան իրադարձությունների եւ ղարաբաղյան պատերազմի զոհերը:
Հենց այսօր էլ Ալեքսիյ Երկրորդը այցելեց Բաքվի ամենահին ուղղափառ եկեղեցինՙ Միխայլո Արխանգելսկի տաճար եւ Սլավոնական համալսարանում հանդիպում ունեցավ երկրի հասարակայնության հետ: