«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


«Ericsson»-Ը ՄՏԱԴԻՐ Է ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԱՆԵԼ ՀՀ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Նյու Յորքի Հայաստանին նվիրված ներդրումների միջազգային համաժողովում ներդնողների խմբում ընդգրկված խոշոր ընկերությունների շարքում էր նաեւ աշխարհի հեռահաղորդակցության լիդերներից մեկըՙ շվեդական «Ericsson» կորպորացիան:

Շվեդիայի կորպորատիվ տնօրեն Ինգվե Ռեդլինգը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը տեղեկացրել է Հայաստանում ներդրումներ կատարելու իրենց մտադրությունների ու արդեն իսկ պատրաստի նախագծերի մասին: Ինչպես «Ազգին» տեղեկացրեց կորպորացիայի հայաստանյան ներկայացուցիչ Ռուբիկ Եգորյանը, դրանք երեքն են, երկուսըՙ արտադրության ոլորտի, մեկըՙ գիտական: Կորպորացիան մտադիր է Հայաստանում հիմնել առաջինՙ մոբիլ-հեռախոսների, երկրորդՙ օպտիկաթելային կաբելների արտադրություն, եւ երրորդՙ գիտատեխնիկական կենտրոն, որը կզբաղվի հեռահաղորդակցության ոլորտի ծրագրերի (soft ware) մշակմամբ: Կորպորացիան տարեկան միայն 4 մլրդ դոլարի ներդրումներ է կատարում գիտության ոլորտում, եւ Հայաստանում նրա հիմնավորումը, հաշվի առնելով այստեղի մարդկային ռեսուրսները, լիովին իրատեսական է: Ընդհանուր առմամբ, Ռ. Եգորյանի խոսքերով, կորպորացիայի դիրքորոշումը համաժողովից հետո հետեւյալն է. «Նյու Յորքի համաժողովը շատ կարեւոր էր ու անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման հետագա ներդրումների համար. շատ կարեւոր են համաժողովից հետո ներդրումային ծրագրերի իրականացման հետագա ընթացքն ու համատեղ աշխատանքը»: Կորպորացիան արդեն իսկ աշխատում է ԱՊՀ բոլոր երկրներում, բացի Ադրբեջանից ու Հայաստանից: Ներդրումային նախագծերը կարող են շատ շուտով իրականություն դառնալ, եթե հետագա բանակցությունների ընթացքում լուծվի արտոնյալ պայմաններով վարկային միջոցներ ստանալու հարցը:

Շվեդական այս կորպորացիան համարվում է աշխարհի 10 խոշորագույն ընկերություններից մեկը եւ հեռահաղորդակցության բնագավառի լիդերներից մեկը: Անդրազգային այս կորպորացիայի ցանցը տարածված է աշխարհի ավելի քան 140 երկրներում:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4