«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


«ԱՅՍՕՐ ԳԵՐԽՆԴԻՐ Է ՈՉ ԹԵ ԵՂԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼԸ, ԱՅԼ ՄԻ ԼՈՒՐՋ ՈՒԺ ՍՏԵՂԾԵԼԸ»

<20019601.jpg>

Մեկնարկեց ԱԺՄ-ից անջատված երկրորդ ուժի հիմնադիր համագումարը

«Մենք ընդդիմադիր ենք եւ ոչ թե անձերին, այլ պետական համակարգին: Այս համակարգը կկործանի Հայաստանը», երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց նոր ձեւավորվող Ազգային ժողովրդավարական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Շավարշ Քոչարյանը:

Այսօր կմեկնարկի կուսակցության հիմնադիր համագումարը, որի օրակարգում, Շ. Քոչարյանի հավաստմամբ, Հայաստանի ներկա վիճակի վերլուծությունն է, քաղաքական հայտարարության, քաղաքական նոր ուժի ծրագրի, կանոնադրության ընդունումը, ղեկավար մարմնի ընտրությունները:

ԱԺԿ հիմնադիր համագումարը կքննարկի նաեւ ՀՀ Սահմանադրության նոր տարբերակ, որի հեղինակը կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Վարդան Պողոսյանն է:

Պրն Քոչարյանը նշեց, թե երկրիս բոլոր դժբախտությունների հիմնապատճառն այն է, որ 1988-ից հետո Հայաստանը կայացել է որպես հետամնաց ավտորիտար պետություն, ու ԱԺԿ-ն առաջնային նպատակ է ունենալու Հայաստանի կայացումը որպես ժողովրդավար պետության:

«Այսօր միայն քննադատելը բավարար չէ, կառուցողական դիրքորոշում է անհրաժեշտ: Ճանապարհ է պետք ցույց տալ, համակարգային լուծումներ մշակել», նշեց Շավարշ Քոչարյանը: Որպես համակարգային մոտեցման հիմնաքար նա նշեց նախագահական հանրապետությունից Հայաստանի անցումը խորհրդարանականի, որպեսզի գործադիր իշխանության գործունեության համար պատասխանատվություն կրի ոչ միայն վերջինս, այլ նաեւ այդ կառավարությունը ձեւավորած քաղաքական ուժը: Այլապես, ըստ Շ. Քոչարյանի, շարունակվելու է հասարակություն-իշխանություններ շղթայի այսօրվա խզված վիճակը: Քանի դեռ այս հիմնարար խնդիրները լուծված չեն, նորահայտ ԱԺԿ-ն վախ ունի, թե ցանկացած քաղաքականություն ցանկացած ոլորտում կարող է պարտություն կրել: «Կարող ենք անգամ դիվանագիտական հարթությունում կորցնել ղարաբաղյան մեր փայլուն ռազմական հաղթանակները»:

ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԱԺԿ դիրքորոշումները պարզաբանելովՙ Շ. Քոչարյանը նշեց, թե հակամարտության լուծումը հնարավոր է առնվազն երեք սկզբունքների շրջանակներում. ա) ԼՂ-ն չպիտի վերադարձվի Ադրբեջանի կազմ, բ) պիտի ունենա հուսալի կապ Հայաստանի հետ եւ գ) որեւէ կերպ չպիտի վնասվի Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը:

Հիմնախնդրի կարգավորման այսօրվա փուլի առումով Շ. Քոչարյանը կարծիք հայտնեց, թե հարցը սառեցման է գնում, քանզի զիջումների պատրաստակամությունը երկուստեք կոշտ է: «Խնդրի արագ լուծումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը գնա լուրջ զիջման: Իսկ կգնա՞ արդյոք Ադրբեջանը դրան»:

Այս խնդրից զատ, ԱԺԿ նախաձեռնող խումբը մամլո ասուլիսին քանիցս շեշտեց նաեւ արտագաղթի պրոբլեմը: Պրն Քոչարյանն արտագաղթը բնութագրեց որպես վերը հիշատակվածՙ համակարգային լուծում պահանջող հիմնախնդիրների հավաքական ցուցանիշ: Իսկ եղած դաշտում, ըստ նրա, չկա վստահելի քաղաքական մի ուժ, որին կարելի լինի հենվել: Այդ ուժի կարգավիճակն էլ հավակնում է ձեռք բերել ԱԺՄ-ից անջատված ԱԺԿ-ն: Վերջինս, նախաձեռնող խմբի հավաստմամբ, կհամալրվի ինչպես ԱԺՄ-ականների որոշ հատվածով, այնպես էլ բոլորովին նոր անդամներով, որոնց տեղում Շ. Քոչարյանը կամենում է տեսնել մտավոր մեծ ներուժով երիտասարդների:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4