Ինտերնետային ծառայությամբ հետեւելով մեր թերթի նյութերին, ստորեւ հրատարակվող հոդվածի հեղինակը խմբագրությանս առաջարկեց նյութ տպագրել հայ մամուլի տեսադաշտից դուրս մնացած Կրետե կղզու հայկական գաղթօջախի եւ նրա եկեղեցու մասին: Բնականաբար, խնդրեցինք հենց իրենՙ Կրետեի Սբ. Հովհաննու Կարապետ եկեղեցու հոգեւոր հովվին պատրաստել հոդված, որը եւ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:
Պատմությունը վկայում է, որ հելլենական Կրետե կղզին դարերի ընթացքում ապահով եւ հյուրընկալ հանգրվան է եղել հայրենիքից հեռու հայության բեկորների համար: Սուրբգրական այս կղզում հայերի բնակության մասին առաջին հիշատակությունը գալիս է դեռեւս VIII դարից: Բյուզանդիայի Նիկիփորոս II Փոկաս կայսրը բարձր գնահատելով Կրետեն արաբական դարավոր գերությունից (823-961 թթ.) ազատագրելու բազմաթիվ հայ զինվորների եւ զորավարների կարեւոր մասնակցությունը, թույլատրում է Փոքր Ասիայից բազում հայերի մշտական բնակություն հաստատելու այստեղ: Արդեն X դարի 70-ական թթ. այստեղ հայերի թիվն աճում էՙ հասնելով 20 հազարի (Հայկական սովետական հանրագիտարան), իսկ հունական աղբյուրները նշում են 16 հազար թիվը: Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո 1375 թ. հայ գաղթականության նոր հոսք է սկսում Կրետե: Այս մասին է վկայում կղզու տարբեր հատվածներում հայկական ծագում ունեցող Արմենիս, Արմենոխորիո, Արմենոի անուններով գյուղերի առկայությունը: Մենք մեր ուսումնասիրությունների ընթացքում տեղաբնակ հույներից լսեցինք, որ հիշյալ 3 գյուղերի հիմնադիրները հայեր են եղել: Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցու բակի 340 տարվա հնություն ունեցող 40-ից ավելի տապանաքարերի հայերեն եւ հունարեն արձանագրություններից տեղեկանում ենք, որ ներկա եւ պատմական Հայաստանի տարբեր անկյուններից (Քանաքեռ, Վան, Կիլիկիա, Ակն) եկած շատ հայեր են բնակվել այստեղ: Կրետեում է ծնվել Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին (1734-37 թթ.), որը մեր եկեղեցական պատմության մեջ հայտնի է իբրեւ մատենագիր հայրապետ իր պատմագրական ժառանգությամբ:
Իրակլիոն քաղաքում կանոնավոր գործում է ոչ միայն Հունաստանի, այլեւ Եվրոպայի ամենահին Սուրբ Հովհաննու Կարապետ հայկական եկեղեցին (961 թ.)ՙ ծագումով եւ ոճով հունական: Ցավոք, մեր ժողովրդից շատերը տեղյակ չեն պատմական արժեք ներկայացնող այս եկեղեցու մասին: Մենք մեր 1 տարվա հոգեւոր ծառայության ընթացքում բազմիցս առիթ ունեցանք լսելու կղզի այցելող բազմաթիվ հայ զբոսաշրջիկների արդար դժգոհությունները, ովքեր պատահաբար են իմանում եկեղեցու գոյության մասին:
Եկեղեցու մասին միակ գրավոր, անտիպ հիշատակարանը պահպանվում է արձանագրությանց տոմարի մեջՙ ընդօրինակված 1923 թ., այն ժամանակ Կրետեի հոգեւոր հովիվ Գարեգին վրդ. Արծրունու ձեռամբ, Զմյուռնիայի առաջնորդարանի դիվանից: Այս հիշատակարանի մեջ կարդում ենք, որ Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցին օսմանյան տիրապետության շրջանում 1669 թ. Կրետեի հայության համար իբրեւ աղոթատեղի գնել է Աբրահամ անունով մի բարեպաշտ հայ վաճառական. «Յաղագս առանձին եւ ինքնագլուխ կատարման հայկական պաշտամանց»: Քիչ վերը հիշեցինք, որ Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցին իբրեւ ճարտարապետական կառույց ծագումով եւ ոճով հունական էՙ բյուզանդական, 15x11 քմ ընդհանուր մակերեսով եւ 3 խորաններով, որոնցից աջակողմյան եւ ձախակողմյան խորանները Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Սուրբ Էջմիածնի անուններով: Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում պահպանվող 17-րդ դարի Աստվածամոր պատկերի սքանչելագործ զորությանը հավատում են տեղացի հույները եւ ավանդություն ունենՙ կապված Աստվածամոր պատկերի հետ: Սուրբ Հովհաննու եկեղեցին գտնվում է Կ. Պոլսո հայոց պատրիարքության հոգեւոր իշխանության ներքո: Հակառակ կրետահայ գաղութի դեմ եղած եկեղեցական, կալվածային իրավունքների ոտնձգությունների, կրետահայությունը հավատարիմ մնաց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին եւ Ամենայն հայոց կաթողիկոսության գերագահ հեղինակությանը: Եկեղեցու կենտրոնական մսուրքին տեղադրված է խաչքար-հուշարձանՙ ի հիշատակ 1915 թ. ապրիլյան նահատակաց:
1980 թ. եկեղեցուն կից հարավային մսուրքին կառուցվեց հայկական ոճով զանգակատունՙ կրետահայ Ժիրայր Պագրճյանի բարերարությամբ: Եկեղեցու շրջափակի հարավ-արեւելյան հատվածում գտնվում է Միքայելյան ծխական վարժարանը, որը գործել է մինչեւ 1930 թ.:
Այս տարի, 60 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ կազմակերպեցինք կիրակնօրյա հայերենի դասընթացներ փոքրաթիվ աշակերտների խմբով:
Կրետահայության թիվը նվազեց Երկրորդ աշխարհամարտից հետո, նրանցից շատերը ներգաղթեցին հայրենիքՙ Հայաստան, ոմանք տարբեր երկրներ մշտական բնակության մեկնեցին: Այսօր Կրետեում, հիմնականում Իրակլիոն քաղաքում ապրում են 30 հայ ընտանիքներ, որոնք այստեղ են հաստատվել 1922 թ. Զմյուռնիայից: Չնայած փոքրաթիվ է կրետահայ համայնքը, կան կարող, մտավորական անձինք, բժիշկներ, փաստաբաններ ու արվեստագետներ, որոնք սեր ու հարգանք են վայելում եւ լայն ճանաչում ունեն ոչ միայն Կրետեում, այլեւ ողջ Հունաստանում: Այս տարվա հունվարի 15-ին կրետահայությունը մեծ շուքով ու խանդավառությամբ նշեց քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն ճանաչման 1700-ամյա հոբելյանըՙ Կ. Պոլսո հայոց Մեսրոպ Բ պատրիարքի բարձր նախագահությամբ:
Մեր նպատակն է մոտ ապագայում արխիվային փաստաթղթերի եւ նոր աղբյուրների բացահայտմամբ հայ գաղթօջախների պատմության կարեւոր մեկ էջիՙ կրետահայ անցյալի ամբողջական պատկերի փոքրաթիվ ուրվագիծը տալ:
Տ. ՎԱՐՈՒԺԱՆ ՔՀՆ. ՏԵՐՏԵՐՅԱՆ, Հոգեւոր հովիվ Կրետեիՙ Իրակլիոնի Սբ. Հովհաննու Կարապետ եկեղեցու