«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


ՄԱՅԻՍԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՄԻՍ Է

Վան-Վասպուրականի հերոսական ինքնապաշտպանության ուսանելի դասերը

Հայոց պատմության մեջ վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը մայիս ամիսը նշանավորվել է որպես հաղթանակների ամիս: Թեեւ 451-ի պատերազմում մեծաքանակ զոհեր տվինք, ընկավ նրա ղեկավար, քաջարի Վարդան Մամիկոնյանը, սակայն ինչ-որ չափով դա հաղթանակ էր, քանզի պարսիկները չկարողացան մեզ պարտադրել դավանափոխ լինել, Հայաստանի մարզպաններ նշանակվեցին Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչները, պահպանեցինք մեր քրիստոնեական հավատքը, Հայաստան աշխարհն ապրեց հոգեւոր-մշակութային վերելք, ազգային ոգու կերտում:

1918-ի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի հերոսամարտում տարած հաղթանակը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Արարատյան դաշտ ներխուժած թուրքական մեծաթիվ լավ զինված բանակը հանդիպելով հայերի միահամուռ ու վճռական դիմադրությանը, չկարողացավ իրագործել իր նենգ ծրագիրըՙ «հայկական հարցը լուծել» մեզ բաժին մնացած մի փոքր տարածքի վրա:

Համաշխարհային ճանաչման արժանացավ 1945-ի Մայիսի 9-ըՙ որպես ֆաշիստական Գերմանիայի պարտության, միլիոնավոր զոհեր տված Երկրորդ աշխարհամարտի ավարտ: Թեեւ այդ հաղթանակը ծանր էր նաեւ հայերիս համար, ռազմի դաշտից չվերադարձան շուրջ 300 հազար հայորդիներ, սակայն մեր նամարդ թշնամունՙ Թուրքիային չհաջողվեց իրագործել նենգ մտադրությունը, գրավել Հայաստանն ու ողջ Անդրկովկասը: 1994 թ. մայիսին մեր քաջարի հայորդիները հրաշքով վերագրավեցին Շուշին ու վերստին բնակեցրին իրենց տերերով:

Վան-վասպուրականցիներս իրավամբ հպարտ ենք, հիշելով 1915-ի ապրիլ-մայիս ամիսներին Վանում տեղի ունեցած ինքնապաշտպանական հերոսամարտը, որն ավարտվեց հաղթանակով: Թեեւ դրանից հետո ստիպված եղանք լքել մեր բնօրրանը, սակայն մեղավորը մենք չէինք...

Ստորեւ հարկ եմ համարում մեջբերել մի քանի տեղեկություններՙ քաղված ինքնապաշտպանական կռիվների ղեկավար Արմենակ Եկարյանի հուշերից (տե՚ս «Յուշեր Արմենակ Եկարեանի», հրատարակված Ռ. Ա. կուսակցության կողմից, Բեյրութ, 1985):

«Հիմա տեսնենք թէ ի՞նչ համեմատական արժէք կը ներկայացնէին այս օրերուն Վանի մէջ գործող երեք կուսակցութիւնները: Հետաքրքրական է կէտին պարզաբանումը, քանի որ, վերջ ի վերջոյ, իրենց վրայ պիտի ծանրանար կացութիւնը դիմագրաւելու ծանր պարտականութիւնը:

Դաշնակցութիւնը, որ մինչ այդ կռնակը իթթիհատին տուած, շարժած է իր ուզածին պէս, այսինքնՙ իր տիրոջը ուզածին պէս, անգոսնելով ժողովուրդը, առ ոչինչ համարելով միւս կուսակցութիւններն ու այլ կազմակերպութիւնները, նաեւՙ չեզոք մտաւորականները: Դաշնակցութիւնը, որ տարուած մենատիրական մոլուցքէ, ատեն եղած էր, որ պահանջած էր Արմենական կուսակցութեան լուծումը, այս բոլոր անցուդարձերէն յետոյ աչքերը բացաւ: Իր վստահելի դաշնակիցը զինքը դաւաճանած էր: Այն ատեն միայն ան հասկցաւ իր ճշմարիտ դիրքը, իր արժէքը, այն ատեն միայն դարձաւ դէպ ժողովուրդը եւ գնահատեց անոր արժէքը: Այդ դառն փորձութիւնէն յետոյ էր, դարձեալ, որ ան աչք դարձուց դէպի ռամկավարները, որոնք վերջին տարիներուն զօրացած ու տարածուած էին, եւ զիջանեցաւ միջկուսակցական մարմին մը կազմելու (ընդգծումը մերն է- Վ. Հ.), որուն պարտականութիւնը պիտի ըլլար ժողովրդական հանգանակութեան ձեռնարկել, զէնք ճարել, գոյութիւն ունեցող խումբերը զօրացնել եւ նորեր կազմել, գաւառական շրջանակներու հետ յարաբերութիւն պահել եւ այլն» (Հիշ. աշխ., էջ 154-155):

Չափազանց հետաքրքիր է, թե որպիսի զինամթերքով վանեցիները խիզախեցին դիմակայել կուսակալ Ջեւդեթի զորաբանակին ու դրա ուղեկից խաժամուժին: Իր հուշերում Արմենակ Եկարյանը հայտնում է հետեւյալ ստույգ տեղեկությունները.

«Ստուգումէն յայտնի եղաւ, թէ Դաշնակցութեան ունեցած զէնքերուն թիւն էր 133 հրացան, մաւզէր տասնոց ատրճանակՙ 150: Ափ ի բերան մնացի: Սա այն «ռազմական» կուսակցութիւնն էր, որ տասնեակ տարիներով արտասահմանի ու Երկրի հայութիւնը սոթտած էր «ժողովուրդը զինելու» պատրուակով: Բայց չար չըլլանք. Դաշնակցութեան զէնքերուն կարեւոր մէկ մասը 1907-ին անցած էր կառավարութեան (նկատի ունի թուրքական- Վ. Հ.) ձեռքը: Արամին ստեղծած տագնապին եւ Դաւոյի դաւաճանութեան հետեւանքով...

Ռամկավարները, իրենց խեղճ միջոցներով, ունէին 141 հրացան, մաւզեր տասնոցՙ 145: Ռամկավարները 2-3 տարի առաջ Ամերիկայի իրենց շրջանակէն ստացեր էին գումար մը եւ ամբողջութեամբ յատկացուցած էին զէնքի: Չեզոքները ունէին 18 հրացան, մաւզեր տասնոցՙ 23, հնչակեաններըՙ 8 եւ մաւզէրՙ 7: Ընդամէնը 625 հրազէնՙ կառավարական կամ այլ տեսակի լաւ եւ վստահելի զէնքեր: Իւրաքանչիւր հրացան ունէր մօտաւորապէս 105 փամփուշտ, իսկ տասնոցները ունէին մոտ 180ՙ իւրաքանչիւրը: Ունէինք նաեւ հին պերտանկ, մսրլի եւ այլ հրացաններ, Կոլտ եւ Սմիթ ատրճանակներՙ մոտ 100, նաեւ որսորդական հրացաններ: Այս էր մեր ամբողջ զինական ուժը, որով պիտի պաշտպանէինք, մօտ 4 ժամուան տարածութեան մը վրայ շարուած մեր դիրքերը, կանոնաւոր եւ անկանոն ստուար ուժերու դէմ» (հիշ. աշխ., էջ 160):

Մեր օրերում անհավատալի է թվում, որ այդպիսի տկար զինամթերքով ու կռվում անվարժ վանեցիները կարողացան հերոսաբար դիմադրել ու ինքնաշեն թնդանոթով ազդարարել տենչալի հաղթանակը...

Ժողովուրդն իմաստուն խոսք ունի. «Գեղը կանգնի, գերան կկոտրի»: Այդ դեպքում գեղը-վանեցիներըՙ երեք կուսակցությունների միասնակամ, հաղթանակելու վճռականությամբ դաշնությունն էր, գերանըՙ դաժան թշնամին: Սա պատմական մի դաս է, որն իր ազգօգուտ նշանակությունը պահպանել է նաեւ մեր ժամանակներում: Հիմա Հայաստանի կուսակցությունների թիվը հասնում է շուրջ հարյուրի: (Այնպիսի զորեղ երկրներում, ինչպիսիք են Անգլիան ու ԱՄՆ-ըՙ ընդամենը մի քանիսն են): Թող մեր բազմացած կուսակցությունները փոխանակ շարունակաբար միմյանց հետ անարդյունք վիճաբանելու, միասնաբար ու միակամ գործեն, որպեսզի ծանր վիճակում հայտնված ու հայաթափվող մեր սիրելի հայրենիքը դուրս բերեն զարգացման այնպիսի ճանապարհ, որը պատշաճում է անկախացած Հայաստանին:

Ես ու իմ սերնդակիցները գնացողներ ենք, դուքՙ մնացողներ: Ձեզ ենք ապավինում, ձեզ հետ ենք մեր հույսերը կապում, եթե ճիշտըՙ ձեզ պարտադրում ենք...

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Վասպուրական» հայրենակցական միության պատվավոր նախագահ, ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4