«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


ՔԱՎԱՆՈՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ԱՂԴԱՄԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ

Համանախագահները կարգավորումը վաղաժամ են համարում

Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցն արձագանք գտավ նաեւ միջազգային ԶԼՄ-ներում: Մինչ հայկական մամուլն ու լրատվական այլ միջոցները քննարկում էին հնարավոր նոր առաջարկի ենթադրյալ բովանդակության հարցըՙ հաճախ ժնեւյան հանդիպման հետաձգումը պայմանավորելով Բաքվի հավանական բացասական հակազդեցությամբ, միջազգային ԶԼՄ-ներն այցը եւ դրա հետեւանքները քննարկում են միանգամայն այլ տեսանկյունից:

Մայիսի 23-ին նշյալ այցին նվիրված հաղորդում հնչեց «Ազատություն» ռադիոկայանի պարսկերեն ծառայության եթերից, որտեղ պարսկալեզու ունկնդրին ներկայացվում էին Աղդամում հայերի գործած բարբարոսությունները, վկայակոչելով Քերի Քավանոյի տպավորությունները: Հաղորդման հեղինակ Համիդ Ֆաթեմին Աղդամը համարելով ղարաբաղյան բախումների զոհերից մեկը, որը հայերը գրավել են որպես բուֆերային գոտի, հենվելով Քավանոյի տպավորություններին, ընդգծում է, որ ավերակի վերածված քաղաքի գլխավոր մզկիթից գոմաղբի հոտ էր գալիս: Ֆաթեմին անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության պատմությանըՙ նշում է, որ հայերն ու ադրբեջանցիները 1000 տարի կողք-կողքի ապրել են մինչեւ Ռուսաստանի կայսրության փլուզումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի անկախանալը, երբ վերջիններիս միջեւ բախումներ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցի շուրջ: Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդայնացմամբ եւ Ստալինի կողմից Ղարաբաղն Ադրբեջանին նվիրելով հարցը լուծվեց: Մինչդեռ հայերի ոխակալությունը տասնամյակների ընթացքում չմարեց: Ուստի, երբ խորհրդային կայսրությունը սկսեց կորցնել իր երբեմնի հզորությունը, հայերը Ղարաբաղի համար նախ պահանջեցին ինքնավարություն, ապաՙ անկախություն, ինչը հանգեց 1988-94 թթ. հայ-ադրբեջանական 6-ամյա պատերազմի, որը ավարտվել է հրադադարով: Այժմ խնդրի կարգավորման եւ վերջնական խաղաղության հարցերով զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, եւ ըստ Ֆաթեմիի, նրանք այժմ երկյուղում են, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի եւ Աղդամի բնակիչները վերադառնան, ապա աննախադեպ ծավալների ավերածությունները նրանց խիստ զայրույթ կպատճառեն, ինչը հնարավոր է, որ տարածաշրջանում նոր պատերազմի առիթ դառնա: Ահա թե ինչու Քավանոն տարակուսանք է հայտնում, թե «չգիտեմ ինչպես պետք է մարդկանց նախապատրաստել այստեղ վերադառնալու համար»: Ֆաթեմին շեշտում է, որ հայերը հանուն շինանյութի, ադրբեջանցիների հեռանալուց հետո սկսել են քաղաքը քարուքանդ անելՙ դարձնելով ավերակ, Քավանոյի խոսքերովՙ այն վերածվել է աշխարհի ամենամեծ շինանյութի պահեստի:

Հաղորդման հեղինակն ընդգծում է, որ վերջին ամիսներին բանակցային գործընթացը մեծ թափ է ստացել, ինչը համանախագահներին մտավախություն է պատճառում խաղաղության հաստատման վաղաժամ լինելու առնչությամբ: Հետեւաբար կարելի է ենթադրել, որ ժնեւյան բանակցությունների հետաձգումը պայմանավորված է համանախագահների նման «մտավախությամբ»: Իսկ թե կրոնապաշտ իրանցիներին գոմաղբի հոտով պարուրված մզկիթի նկարագրությամբ «Ազատություն» ռադիոկայանն ի՞նչ նպատակներ է հետապնդումՙ դժվար չէ կռահել:

Է. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4