Շիրակի մարզի Աշոցքի նախկին շրջկենտրոնում գործող «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում ստեղծվել է լապարասկոպիկ վիրահատարան: Շուտով այստեղ կայցելեն իտալացի մասնագետներ, որոնք նոր մեթոդով վիրահատություններ կատարելուց բացի, նաեւ կուսուցանեն տեղի բժիշկներին: Չնայած գյուղական կարգավիճակին, բուժական այս հաստատությունը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ, լաբորատոր եւ այլ բժշկական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս բարձրակարգ բժիշկ-մասնագետների առկայության պայմաններում այստեղ իրականացնել տարբեր բարդ վիրահատություններ: Մասնավորապես, հիվանդանոցում ավելի վաղ ստեղծվել եւ գործում է նաեւ աչքի միկրովիրաբուժարանը:
Անգամ ամենաբարեկեցիկ հասարակությունում ու երկրներում բարեգործական հիվանդանոցներն ու նման կարգի այլ հաստատություններն իրենց տեղն ունեն: Ի տարբերություն հանրապետության կառավարության որոշմամբ անցյալ տարի Գյումրիում փորձնական ստեղծված մարզային անվճար հիվանդանոցի, որը ֆինանսական ապահովման դժվարության պատճառով այսօր այլեւս չի կարող գործել որպես այդպիսին, «Տիրամայր Նարեկի» բարեգործական հիվանդանոցն արդեն մեկ տասնամյակ անվճար բժշկական օգնություն է ցուցաբերում դրա կարիքն ունեցող բոլոր դիմողներին: Այսօր արդեն մեծ ճանաչում ու համարում ունեցող այս բուժհաստատությունը կառուցվել է 88-ի ավերիչ երկրաշարժից հետոՙ իտալական «Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից, եւ Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապի նվերն է աղետից տուժած հայ ժողովրդին: Հարյուր մահճակալանոց հիվանդանոցն ունի վիրաբուժական, թերապեւտիկ, մանկական եւ մանկաբարձա-գինեկոլոգիական բաժանմունքներ, ատամնաբուժարան եւ կանանց կոնսուլտացիա, մեծերի ու փոքրերի համաբուժարաններ (պոլիկլինիկա), իր մեջ միավորում է նաեւ 3 գյուղական բժշկական ամբուլատորիաներ, 19 բուժակ-մանկաբարձական կետեր: Կենտրոնի ծառայություններից օգտվում է ինչպես տեղի, մարզի հարեւան շրջանների ու մարզկենտրոն Գյումրու, այնպես էլ Ջավախքի բնակչությունը: Անցյալ տարի միայն Գյումրի քաղաքից այստեղ հիվանդանոցային բուժում է ստացել ավելի քան 130 մարդ: Իսկ ընդհանուր առմամբ ստացիոնարում տարեկան բուժվում է շուրջ 2000 հիվանդ:
Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի արդյունավետ աշխատանքին օգնում է նաեւ հաստատված կայուն համագործակցությունն Իտալիայի կլինիկաների հետ, մի շարք դեպքերում նրանց մասնագիտական փորձի յուրացումն ու կիրառումը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ