Գինեգործ Միհրան Մանասերյանն իր սիրած մասնագիտությամբ սկսել է զբաղվել 1983 թ.-ից: 1991 թ. առաջին անգամ ստացել է «Տուշպա» գինինՙ դառը, կիսաքաղցր եւ քաղցր տարատեսակներով: Սակայն քիչ թե շատ կանոնավոր արտադրություն կազմակերպել է միայն 1997-ին: Ինչպես Վայքի եւ Արարատյան դաշտավայրի մի քանի այլ փոքր ձեռնարկություններ, նրա ղեկավարած «Վան 777» ՍՊԸ-ն սկսել է գործել ԱՄՆ գյուղդեպարտամենտից (USDA) ստացած վարկի շնորհիվ: Մի քանի տարիների ընթացքում ընկերությունը գրեթե եռակի ավելացրել է մթերած խաղողի եւ արտադրված գինու ծավալները: Ի դեպ, «Տուշպա» գինին ստացվում է «Հաղթանակ» խաղողի տեսակից: Բացի Տափերական գյուղից, որտեղ արտադրվում է «Տուշպա» գինին, «Հաղթանակ» խաղողը մթերվում է նաեւ Այգեւան, Լուսառատ գյուղերից:
Մեզ հետ զրուցելիս Միհրան Մանասերյանն ընդգծեց սպառման շուկաներ գտնելու դժվարությունը: Նրա կարծիքով, իր ղեկավարած ընկերության պես փոքր ընկերություններն ուղղակի անկարող են մարկետինգով զբաղվել, քանզի նման նյութական ռեսուրսներ չունեն: Ապրանքի որոշակի խմբաքանակ հաջողությամբ Մոսկվայում սպառվել է դարձյալ USDA-ի շնորհիվ, սակայն ընկերությունն ի վիճակի է ավելի մեծ քանակներով բարձրորակ գինի արտահանել: «Ի՞նչ օգնություն է ցուցաբերում պետությունը» մեր հարցին Միհրան Մանասերյանն անիմաստ համարեց պատասխանել, նշելով, թե լավագույնը կլիներ, որ գոնե չխանգարեն: Օրինակ, գյուղատնտեսության նախարարությունից արտոնագրի ձեռքբերման համար ինքն այնքան բենզին էր ծախսել Տափերականից Երեւան մեկնելու եւ վերադառնալու համար, որ դա էականորեն ազդել էր գինու ինքնարժեքի վրա: Արտահանման շուկաներ գտնելու ուղղությամբ, չնայած գյուղնախարարի հավաստումներին, եւս որեւէ օժանդակություն ընկերությունը չի ստացել: Իսկ թե ինչո՞վ է զբաղվում ի պաշտոնե այդ պարտավորությունն ունեցող նույն նախարարության փոխնախարար Ենոք Ավետիսյանը, երեւի միայն իրեն եւ իր նախարարին է հայտնի: Միակ առաջարկը, որ նպատակ ունի օժանդակել Արարատյան դաշտավայրի գինի արտադրողներին, ստացվել է Արարատի մարզպետից: Այն վերաբերում է Իրանի տարածքով եւ Կասպից ծովով հայկական գինիները Աստրախան տեղափոխելուն եւ ռուսական շուկայում վաճառելուն: Սակայն դա առայժմ միայն տեսական խոսակցություն է, իսկ հայկական գինիների համար արտահանման շուկաներ գտնելու հիմնախնդիրը դեռեւս մնում է: Այս կոնկրետ օրինակով ակնհայտ երեւում է, թե ինչ արժեք ունեն փոքր եւ միջին ձեռնարկությանն օժանդակելու վերաբերյալ իշխանությունների հայտարարություններն ու ընդունած տարատեսակ փաստաթղթերը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, գ. Տափերական