ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսում կայացել է Կ. Պոլսո հայ գաղութի կազմավորմանն ու զարգացմանը նվիրված գիտաժողովՙ Հայաստանի եւ Սփյուռքի 27 անվանի գիտնականների մասնակցությամբ: Քննարկվել են գրական, եկեղեցական, մշակութային, քաղաքական եւ այլ խնդիրներ:
Պատասխանելով «Ամերիկայի ձայնի» թղթակցին, Ռ. Հովհաննիսյանն ասել է, որ այդ հավաքն արդեն ութերորդն է, շարքն սկսվել է երեք տարի առաջ, ներկայացվել է Վասպուրականի նահանգը, ապաՙ Կիլիկիան:
Երեւանից գիտաժողովին մասնակցել եւ զեկուցումներ են կարդացել Լեւոն Չուգասզյանը, Սուրեն Դանիելյանը եւ Վերժինե Սվազլյանը:
Առաջիկայում ծրագրվելու են նաեւ նման հավաքներ Կարսի, Անիի, Շիրակի, Պոնտոսի եւ Համշենի գաղութների մասին: Գիտաժողովների նյութերը հրապարակվելու են եւ տեղադրվելու ինտերնետում: Արդեն լույս է տեսել Վան-Վասպուրականի գաղութին վերաբերող ժողովածուն: