Օրինակելի եւ ուշագրավ բազում նախաձեռնությունների հեղինակ է Ամերիկայի Հայ օգնության ֆոնդը: Վերջինիս ուշադրության կիզակետում մեր երեխաներն են, նորահաս սերունդը: Ֆոնդը որոնում եւ գտնում է նրանց գեղագիտական դաստիարակությանն ուղղված նոր միջոցներ ու եղանակներ: Դրանցից մեկն էլ բարեգործական ներկայացումների կազմակերպումն է, որոնց մասնակից են դառնում մանկատների եւ գիշերօթիկ դպրոցների սաները, անապահով ընտանիքների երեխաները:
Նրանք էլ օրերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում տեղի ունեցած «Բեթղեհեմի լույսի տակ» ներկայացման հանդիսատեսներն էին: Դերասանները նրանց առնչեցին մեր Տիրոջՙ Հիսուս Քրիստոսի ծննդյան ու կյանքի պատմությանը, Չարի ու Բարու անվերջ պայքարի դրվագներին: Ներկաներին զմայլեց նաեւ Բոստոնից ժամանած ԱՄՆ-ի Արեւելյան թեմի ներկայացուցիչ Տաճատ քհն. Դավթյանի հոգեշահ խոսքը:
«Մեր այս նոր նախաձեռնությունը միաժամանակ երկու նպատակ է հետապնդում. մի կողմից սատար կանգնել մեր դերասաններին, մյուս կողմից նորահաս սերնդին հաղորդակցել Գեղեցիկի ու Բարու հետ», իր խոսքում նշեց ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Թաթուլյանը: