«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


ԾԱՂԻԿՆԵՐ ՙ ԼՈՒՍԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ

Հոբելյաններով հարուստ է Երեւանի քաղաքապետարանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի այս թատերաշրջանը: Դրանց թվումՙ երեկ նշվածը, որը նվիրված էր Լուսինե Կիրակոսյանին: Կերպարային դերերի ժանրի դերասանուհին մշտապես ստեղծել է կանացի նուրբ ու խոր զգացմունքային խառնվածքներՙ օժտելով նրանց մեկ առկայծող հումորով, մեկ տխուր քնարականությամբ, մեկ վառ ու եռանդուն բեմական հմայքով: Ինչպես իր ողջույնի խոսքում ճշմարտացի նշեց թատերագետ Լեւոն Մութաֆյանը, Լուսինե Կիրակոսյանը հայ բեմում կերտեց դժվարին ժանրիՙ կենցաղային գրոտեսկի հերոսուհիների բացառիկ հաջողված, կենդանի նկարագրեր, սկսյալ «Սեր եւ ծիծաղ», «Հալածված առաքյալ» ներկայացումներից, ներառյալ «Ավտոբուս» պիեսով:

Հիշեցնենք ընթերցողին, որ մի շարք պարգեւների թվում Ստրատիեւի հիշյալ «Ավտոբուս» պիեսում կնոջ դերակատարման համար Սոֆիայում տեղի ունեցած բուլղարական պիեսի փառատոնում Լուսինե Կիրակոսյանը արժանացել էր հատուկ մրցանակի:

Տարիների հանդիսատեսի եւ թատրոնի գործընկերների կողմից սիրված դերասանուհու հոբելյանական երեկոն նշվեց հենց այդ ներկայացման ցուցադրմամբ: Փայլուն դերասանական կազմի շրջանակում (Լեւոն Շարաֆյան, Ռաֆայել Քոթանջյան, Հովհաննես Բաբախանյան, Թորոս Խաչատրյան) եւս մեկ անգամ շողշողաց դերասանուհուն բնորոշ խառնվածքային նկարագրի բեմական խաղը. զուսպ, բայց ներքին խոսուն հումորով (երբեմն պատեհ կերպովՙ երգիծանքի ենթատեքստով), սրամիտ, արտաքնապես ժպտախինդ, ներքուստՙ տխուր հեգնանքով շաղախված:

Առաջին անգամը չէ, որ դրամատիկական թատրոնը գեղեցկորեն, բարձր կուլտուրայի դրոշմով նշում է տասնամյակների բովում իրեն նվիրված դերասանի հոբելյանը:

Երեկ նույնպես հանդիսավոր, ջերմ եւ անկեղծ էր թատրոնում իշխող մթնոլորտը: Ներկայացման ավարտին, շռայլ ծափողջույնների ներքո, Լուսինե Կիրակոսյանին գնահատանքի եւ շնորհավորանքի խոսք ասացին թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Խանդիկյանը, շնորհավորական ուղերձներ հղվեցին Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կողմից, Հայաստանի թատերական գործիչների միության անունից: Ինչպես միշտ հանդիսությանն անմասն չմնացին Հրաչյա Ղափլանյանի դրամատիկական թատրոնի վաղեմի բարեկամներՙ թատերագետ եւ հրատարակիչ Վան Արյանը, թատերագետ Լեւոն Մութաֆյանը: Վերջինս նշեց, որ ջերմագին մաղթանքներ է բերել նաեւ դերասանուհու ծննդավայր Գյումրիից: Հուզիչ ու անկեղծ հնչեց բեմից դերասանուհու քրոջ, Շիրակի մարզպետարանի մշակույթի բաժնի վարիչ Հասմիկ Կիրակոսյանի խոսքը, որը խորհրդանշականորեն հանձնեց Լուսինեին իրենց հոր ծրարված պատգամը. սիրել բեմը եւ ժառանգաբար շարունակել Կիրակոսյանների թատերասեր տոհմի ավանդույթները:

Լուսինե Կիրակոսյանը պատկանում է կայացած այն դերասանուհիների բույլին, որոնք ինչ էլ խաղան բեմում, ինչ էլ անեն կյանքումՙ մշտապես մնում են հարազատ իրենց կանացի էությանը, որում ե՚ւ տխուր երջանկություն կա, ե՚ւ չկայացած իղձերի ափսոսանք, ե՚ւ բավարարվածության գիտակցում արած գործի համար:

Դերասանուհին ավարտեց իր հոբելյանական երեկոն Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծության տողերով. «Ինձ շատ բան տվեց բախտը աշխարհում, սակայն չտվեց երջանիկ մի սեր.».

Իմ եւ երեկ դահլիճում ներկա գտնվողների անունից կամենում եմ ասելՙ բոլորս էլ սիրում ենք քեզ, Լուսինե, եւ մաղթում թեպետ «ուշացած», բայց երջանիկ մի սեր: Այն, որը երբեք չի՚ ուշանում:

ԹԱՄԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4