«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2001-05-24 | #95, 2001-05-25 | #96, 2001-05-26


ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

ԹԲԻԼԻՍԻ, 25 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ազգային գվարդիայիՙ Նորիոյում գտնվող գումարտակի զինծառայողներն ու սպաներն այսօր ինքնակամ լքել են զորավարժությունների անցկացման վայրը եւ Մուխրովանիում (Թբիլիսիից մոտավորապես 30 կիլոմետր հեռավարության վրա) գրավել Վրաստանի ներքգործնախարարության զորամասերից մեկի տարածքը: Հայտնի է դարձել, որ խռովություն բարձրացրած գումարտակի զինծառայողներն իրենց հետ վերցրել են զենք եւ ռազմական տեխնիկա:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության հաղորդման, Մուխրովանիին են մոտեցվել ոստիկանության եւ պաշտպանության նախարարության լրացուցիչ ստորաբաժանումներ, փակված են զորամասի տարածք տանող բոլոր ճանապարհները:

Վրաստանի պետանվտանգության նախարար Վախթանգ Քութաթելաձեն գումարտակի ելույթը համարել է «զինվորական հեղաշրջման» փորձ: Նախարարն ընդգծել է, որ «դա զինված արկածախնդրություն է, որը որոշակի քաղաքական աստառ ունի»:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան լրագրողների հետ զրուցելիս համաձայնվել է պետանվտանգության նախարարի այն կարծիքի հետ, որ Ազգային գվարդիայի գումարտակի գործողությունը «զինվորական հեղաշրջման» փորձ է:

Վրաստանի պետդիվանատնից եւ խորհրդարանից ստացված տվյալների համաձայն, տեղի ունեցած փաստի առնչությամբ հանրապետության ուժային կառույցների ղեկավարները կարգադրել են ուժեղացնել մայրաքաղաքի ռազմավարական օբյեկտների պահպանությունը:

Ազգային գվարդիայի ղեկավարները եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները բանակցություններ են սկսել գումարտակի սպաների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4