Մոլիերի անվան թատերական 5 մրցանակների արժանացած «Գազանը լուսնի վրա» պիեսը
Փարիզի «Մարինյ» թատերասրահում վերջերս Մոլիերի անվան թատերական 5 մրցանակների արժանացած Ռիշար Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» թատերգության նյութը 1915 թ. Հայոց ցեղասպանությունը եւ մարդկային հոգիներում շարունակվող այդ ողբերգության ցավն ու չմարող կսկիծն է: Այս պիեսը հեղինակի 21-րդ ստեղծագործությունն է: Հայկական ամենամռայլ թեմային թատերագիրըՙ ծագումով լեհ ամերիկացի (ծնվել է Ամերիկայի Ուիսկոսկի քաղաքում, 1949 թ.) Ռիշար Կալինոսկին, ըստ Իրինա Բրուքի, անդրադարձել է կյանքի այն տարիներին, երբ ամուսնացած լինելով հայուհու հետՙ առիթ է ունեցել տեսնելու, թե 1915 թ. ինչպիսի խորը, ծանր լռությամբ են շարունակում ապրել Եղեռնից մազապուրծ վերապրողները: Հետագայում հանդիպելով բազմաթիվ վերապրողներիՙ ունկնդրել է նրանց, գրառումներ կատարել, ուսումնասիրել նրանց մոտ պահված լուսանկարները: Մոլիերի մրցանակին արժանացած թատերագիր Ռիշար Կալինոսկին այժմ ապրում է Նյու Յորքի նահանգի Ռոչեստր քաղաքում: 1992-93 թթ. թատերական ստեղծագործությունների մրցանակների է արժանացել Մասաչուսեթսում եւ Հյուսիսային Կարոլինայում: «Գազանը լուսնի վրա» պիեսը համարվել է 1995 թ. տարվա լավագույն գործերից, իսկ 1996 թ. 2 մրցանակ է ստացել ամերիկյան թատերագետների կողմից:
Պիեսն ամենուր, որտեղ բեմադրվել է, ունեցել է մեծ հաջողությունՙ գերազանցելով հեղինակի բոլոր ակնկալիքները: Առաջին անգամ ներկայացվել է 1996-ին, ԱՄՆ-ի Լուիզվիլ քաղաքում: Նույն տարում արժանացել է «Օզբոռն» մրցանակին, որից հետո հռչակը տարածվել է, եւ պիեսը ներկայացվել է ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, Տորոնտոյի, Բուենոս Այրեսի, Մոսկվայի, Լոզանի, Փարիզի Բոբինյի մշակույթի տան դահլիճում, Էօվրի թատերասրահում, Փըթի Օդիոնում, Լոնդոնի Բատերսի Արտս Սենտրում, Գեյթ թատրոնում, Գերմանիայի Վուփերթալ քաղաքի Շիլլերի անվ. թատրոնում: Պիեսը պատմում է Հայոց ցեղասպանությունից վերապրած երիտասարդ զույգիՙ Արամի եւ Սեդայի մասին, որոնք Միլուոքիում (ԱՄՆ) հաստատվելով, օտարացումի, նոր միջավայրին հարմարվելու դժվարին վիճակներում հանդիպում են իրար: Պիեսի գլխավոր հերոսիՙ Արամի ամերիկյան նոր կյանքում էականորեն կարեւոր տեղ է զբաղեցնում ընտանեկան մի լուսանկար, որտեղ պատկերվածներից միակ փրկվածն ինքն է: Այս լուսանկարը դառնում է անցյալի ողբերգության մշտառկա վկան, որը, սակայն, ոչ միայն հիշողության, վերարթնացումների խորհուրդն է կրում, այլեւ դառնում է ապագան ծրագրող հիմնական ազդակ: Ամերիկյան միջավայրում իր տեղը գտնելը դեռեւս ներքին բավարարում չէ հերոսի համար: Արամը որոնում է 1915-ի ողբերգական օրերին լուսանկարում պատկերված կորած իր հարազատներին եւ նրանց վերագտնելը տեսնում «նոր թովմասյանների» մեջ: Արամը կնության է առնում իր ճակատագրակցինՙ պոլսեցի Սեդային, եւ նրանք փորձում են ինտեգրվել ամերիկյան հասարակությանը: Սակայն այս իրականության մեջ էլ ցավալիորեն ոչինչ չի փոխվում, անկարելի է փոխարինել լուսանկարի բացականերին: Ցավը մեղմելու համար երիտասարդ զույգը որդեգրում է որբ, օտար մի փոքրիկիՙ Վենսանին: Արտաքնապես այս պարզ սյուժեի տակ թաքնված են մարդկային խոր ապրումներ, տառապանքներ, կարոտ ու մորմոք:
Ռեժիսոր Իրեն Բրուքի բեմականացման հաջողությանը մեծապես նպաստել է դերասանների վարպետ կատարումը Սիմոն Աբգարյանի եւ Կորին Ժաբերիՙ Արամի եւ Սեդայի կերպարների մարմնավորումովՙ դիմախաղի, ժեստերի, լեզվի տիպական արտահայտություններով: Ներկայացման հաջողությանն անդրադարձել է թե՚ հայկական, թե՚ ֆրանսիական մամուլը («Յառաջ», «Le Figaro Magazine», «Աշխարհ»): Ֆիլիպ Թեսոն գրում է. «Երկու բացառիկ դերասաններ հոյակապ կմեկնաբանեն երեւութապես համեստ եւ իմաստալից այս գործը»: Ժակ Ներսոն բարձր գնահատելով Կալինոսկու պիեսըՙ նշում է, թե «այսքան նուրբ գործը պահանջում է բացառիկ դերակատարումներ, ինչը իրականացել է Գորին Ժաբերով եւ Սիմոն Աբգարյանով: Նրանք մարմնավորում են Արամի եւ Սեդայի կերպարները, որոնք արցունք են քամում նույնիսկ ամենաչոր աչքերից: Անշուշտ, շատ թուրք չկա սրահում, բայց միայն հայեր էլ չկան»:
Լավագույն դերասանուհու մրցանակին արժանացած Կորին Ժաբերը Փարիզում հաճախել է դրամատիկ արվեստի դասընթացներին, խաղացել է Պիտեր Բրուքի բեմադրած «Մահաբհարաթա» ներկայացման մեջ, հյուրախաղերի է մեկնել Անգլիա, Շվեյցարիա, Հնդկաստան: «Գազանը լուսնի վրա» պիեսում Կորին Ժաբերի Սեդայի բարդ եւ դրամատիկ կերպարը ստանձնելուց հետո է միայն բեմադրիչ Իրեն Բրուքը համաձայնվում իրականացնել պիեսի բեմականացումը: Առաջին ներկայացումը տեղի է ունենում Լոնդոնում, 1996 թ.:
Կորին Ժաբերի խաղընկերըՙ Սիմոն Աբգարյանը, հաջորդ մրցանակակիրը, ծնվել է Փարիզում, իսկ մանկությունն անց է կացրել Լիբանանում: 1977-ին վերադարձել է Փարիզ, ապա մեկնել Լոս Անջելեսՙ աշխատելով Ժիրայր Փափազյանի թատերախմբում, ապա կրկին հաստատվելով Ֆրանսիայի մայրաքաղաքում, աշխատել է Մնուշկինի ղեկավարած «Արեւի թատրոնում»: «Գազանը լուսնի վրա» լոնդոնյան ներկայացման մեջ Արամի դերը բացառիկ վարպետությամբ է կատարել: Նրա պատկերացումով թատրոնը հասարակության հայելին է, եւ այս ներկայացման մեջ Ս. Աբգարյանը իրականացրել է դա:
Պիեսի թարգմանությունը եւս արժանացել է մրցանակի: Թարգմանիչ Դանիել Լույաիզան շատ զգույշ եւ նրբանկատ մոտեցում է ցուցաբերելՙ լեզվական սահուն անցումներ կատարելով:
Պիեսի բեմադրիչ Իրեն Բրուքը ծնվել է Փարիզում, եղել է դերասանուհի, խաղացել հեռուստատեսային ներկայացումներում, շատ ֆիլմերում: Նրա առաջին բեմադրությունը «Գազանը լուսնի վրա» պիեսն էր, որով էլ սկսվել են նրա ռեժիսորական աշխատանքները: «Ես շատ հավանեցի այս պիեսը եւ ընտրությունս կանգ առավ Կորին Ժաբերի վրա: Եթե նրան համապատասխաներ Սեդայի դերը, ապա ես կստանձնեի ներկայացման «բեռը»: Դա ճակատագիր էր. նա համաձայնվեց, եւ 1996-ին ներկայացումը դրեցինք Լոնդոնում եւ սկսեցինք աշխատել: Շարժում գրեթե չկա այս ներկայացման մեջ, բոլոր տեսարանները լուսանկարի են նման: Ընտանեկան մի լուսանկարի շարունակություն է այն»:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ