Հայերս սիրում ենք վաճառել: Կարեւոր չէՙ ի՚նչ, միայն թեՙ վաճառելու բան լինի: Ընդ որումՙ չենք սիրում խանութներում կամ ծածկի տակ վաճառել. ո՚չ, հենց փողոցում, հենց գետնի վրա, անցուդարձողների ոտքերին հնարավորինս մոտիկ: Այնպես որ, ստիպված պիտի ուշադիր քայլեսՙ ոտքերիդ տակ նայելով, որպեսզի հանկարծ ու չկոխկրտես ինչ-որ մեկի ապրանքը:
Մեր երկրում զգալի անհամապատասխանություն կա վաճառողների, իրենց ապրանքի եւ գնորդների ու նրանց դրամական հնարավորությունների թվերի միջեւ: Սա էլ պատճառներից մեկն է, թե ինչո՚ւ են վաճառողներն իրենց ապրանքն առած ընկնում հետեւիցդ, կամՙ ինչո՚ւ են կրպակ ունենալու դեպքում էլ ապրանքը շարում անպայման դրսումՙ փոշու, արեւի եւ փողոցային աղբի հետ անմիջականորեն «առնչվելու»: Սակայն, անկախ այս օբյեկտիվ պատճառից, սուբյեկտիվն էլ կա. վաճառելու այս եղանակն արդեն դարձել է «ազգային բնավորություն»:
Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են պետական հանրախանութի հարեւանությամբ գտնվող շուկան, որ հայտնի է պարզապես «ԳՈՒՄ-ի շուկա» անունով, անմիջապես կհաստատեն վերն ասվածը: Ո՚չ միայն շուկայի շրջակայքում, այլեւ շուկայից շատ ու շատ մետրեր հեռու սկիզբ է առնում ու բոլոր ուղղություններով տարածվում փողոցային առեւտուրը, հակառակ որ քաղաքապետարանը զգալի աշխատանք է կատարել նաեւ այստեղ փողոցային առեւտուրն արգելելու համար: Նեղլիկ մայթերի երկու կողմում էլ առեւտրականներն ենՙ կուռ շարքերով, ապրանքը ոտքերի առջեւ փռած: Մի կերպ, մանեւրելով անցնում են նրանցՙ ազատ թողած նեղլիկ արահետով: Կողք-կողքի շարածՙ վաճառում են սննդամթերք ու գրենական պիտույքներ, հագուստ ու կենցաղային իրեր: Վերջին երեքըՙ դեռ ոչինչ. կարելի է հանդուրժել. փողոցներում ոտքիդ տակ փռած գուլպաներն ու կիսավարտիքներն այնքան «սարսափելի» չեն, որքանՙ սննդամթերքը: Այս պատկերն իրոք սրտխառնուք է առաջացնում:
Առջեւում ամառ է, եւ ճանճերը սկսել են «աշխուժանալ». բնականաբար, ճանճերին, հագուստից առավել, «հետաքրքրում» է մթերքը: Այսպես կոչված վաճառողների մի փոքրիկ մասը «գլխի է ընկնում» իր ապրանքըՙ սննդամթերքը ծածկել թանզիֆի կեղտոտ կամ մաքուր կտորով, մյուսները պարզապես բացում են արկղերն ու տոպրակները եւ կանգնումՙ ամենեւին չնեղսրտելով իրենց ապրանքին թառած ճանճերի առկայությունից: Ձկան հոտին խառնվում է պանրի ու մսի հոտը, արեւի տակ, բաց օդում հանդարտ «ճոճվելով», «հասունանում» են բանանները, գունափոխվում ու սեւանում է միսը, չորանում է պանիրը, հնանում է ձուկը: Բայց առավել ուշագրավը մսավաճառների կրպակներն են, շուկային հանդիպակաց, որոնք նաեւ որպես սպանդանոց են ծառայում. այստեղ կենդանիներ են բերում եւ պահում, որպեսզի մսիՙ վաճառվող պաշարի սպառվելու դեպքում մորթեն ձեռքի տակ եղածը: Սակայն ինչ-որ մեկին հետաքրքրո՞ւմ է սանիտարահիգիենիկ առումով անգրագետ այս վիճակը: Վաճառողներին, համենայն դեպս, չի հետաքրքրում: Իսկ պետական ծառայողների՞ն, ի պաշտոնե այս ամենի համար պատասխանատուների՞ն. Երեւի նույնպեսՙ ո՚չ: Այս յուրօրինակ սպանդանոց-մսավաճառանոցում ուսումնասիրելու նյութ շատ կա. անմաքուր ձեռքերով ու դանակներով մսավաճառներՙ «Թարմ միս» վիճելի բովանդակությամբ ցուցանակների տակ կանգնած, ոտքիդ տակ, մայթի մեջտեղումՙ կովի կտրված գլուխ ու տոտիկներ, անորոշ գույնի ու «տարիքի» ձկներ եւ այլն: Այս ամենի պարտադիր մասն է մաքրության լիակատար բացակայությունը.
Այսքանից հետո, այդուհանդերձ, ամենեւին էլ տարօրինակ չէ, որ նման պայմաններում վաճառվող նման ապրանքը «գտնում» է իր գնորդին: Այո, գնորդներ կան. չէ՞ որ դրսում վաճառվող ամեն ինչն էլ ավելի էժան է, քան բուն շուկայի շենքում, կրպակում կամ խանութում վաճառվողը: Այսպիսին է մեր օրերի տրամաբանությունը.
Ա. ԴՈՎԼԱԹՅԱՆ