Հայաստանի առաջնությունում չորրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Երեւանի «Զվարթնոցը», որն իր խաղադաշտում ընդունել էր Աբովյանի «Կոտայքին»: Առաջատարին հաջողություն բերեցին Մհեր Ավանեսյանի 2 դիպուկ հարվածները:
Չորրորդ տուրի կենտրոնական հանդիպումն անցկացվեց Գյումրիում, որտեղ «Շիրակը» հյուրընկալեց հանրապետության չեմպիոն «Արաքսին»: Խաղն ընթացավ դաշտի տերերի առավելությամբ ու ավարտվեց նրանց հաղթանակովՙ 2-0: Գոլերը խփեցին Հենրիկ Բադիկյանը եւ Արտյոմ Հակոբյանը:
Հետաքրքիր պայքար ծավալվեց «Միկա» (Աշտարակ)-«Բանանց» (Երեւան) խաղում: Հանդիպման երկրորդ կեսի սկզբում «Բանանցի» հարձակվող Անդրանիկ Զանազանյանը գրավեց մրցակցի դարպասըՙ յուրովի նշելով իր ծննդյան օրը: Թվում էր, թե «Միկան» պարտություն է կրելու, բայց խաղավարտից մի փոքր առաջ Հակոբ Մամուլյանը հաշիվը դարձրեց 1-1:
Երեւանի «Փյունիկը» առաջնությունում երկրորդ խաղն անցկացրեց ու կրկին հաղթեց 6-0 հաշվով: «Ղարաբաղի» դարպասը 2-ական անգամ գրավեցին Արամ Ոսկանյանն ու Արման Քարամյանը, 1-ական անգամՙ Արտավազդ Քարամյանն ու Հայկ Հարությունյանը:
«Լեռնագործ» (Կապան)-«Դինամո-2000» խաղում գրանցվեց 1-2 հաշիվ: Դաշտի տերերից գոլը խփեց Աբել Մինասյանը, հյուրերիցՙ Արթուր Գալստյանն ու Գալուստ Պետրոսյանը:
Մրցաշարային աղյուսակ
1. Զվարթնոց
2. Շիրակ
3. Միկա
4. Արարատ
5. Փյունիկ
6. Դինամո-2000
7. Բանանց
8. Արաքս
9. Լեռնագործ
10. Ղարաբաղ
11. Լոռի
12. Կոտայք
Ռմբարկուներՙ
Արամ Ոսկանյան («Փյունիկ»)ՙ 5
Արտյոմ Հակոբյան («Շիրակ»)ՙ 4
Արմեն Մարկոսյան («Միկա»)ՙ 3
Նվեր Խաչատրյան («Զվարթնոց»)ՙ 3
Արման Քարամյան («Փյունիկ»)ՙ 3
Սարգիս Նազարյան («Զվարթնոց»)ՙ 3
Մրցաշարում այժմ դադար է հայտարարվել մինչեւ հունիսի 10-ը: Այդ ընթացքում տեղի կունենա Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը (մայիսի 27), ինչպես նաեւ մեր ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական խաղեր կանցկացնի Բելառուսի (հունիսի 2) եւ Լեհաստանի (հունիսի 6) հավաքականների հետ: