«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ԱՅՍՕՐ Է

<20019704.jpg>

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի առաջին հանրապետության օրըՙ մայիսի 28-ին կրկին բազմամարդ էր Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրի տարածքը: Թուրք զավթիչների նկատմամբ տարած հաղթանակի 83-րդ տարեդարձի օրը հուշահամալիր այցելեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք: Նրանք ծաղկեպսակներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի մասնակիցների հուշարձանին, դիտեցին տոնի առթիվ ցուցադրված համերգային ծրագիրը:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ կարճ զրույցում կարծիք հայտնեց, որ հայոց պատմության առավել «հետաքրքիր եւ հաջողված» ժամանակաշրջանը Հայաստանի «նոր անկախության» տարիներն են (այսինքն ներկաՙ երրորդ հանրապետության):

«Ի՞նչ կլիներ, եթե առաջին անկախությունը երկարակյաց լիներ» տեսական հարցին ի պատասխան ՀՀ նախագահը կարծիք հայտնեց, որ շատ լավ կլիներ, եթե չընդհատվեր Հայաստանի անկախ զարգացումը, Հայաստանն այդ դեպքում ապրած կլիներ բոլոր զարգացումները, որ անցել են աշխարհի մյուս պետությունները, առանց սովետական էքսպերիմենտների: «Շատ ավելի կայուն, կայացած երկիր կունենայինք»,- ասաց նախագահը, միաժամանակ նշելով, որ պետականության կայացման համար չի կարելի տարիներով չափորոշիչներ հորինել, քանի որ պետականության կայացումը անընդհատ, շարունակական պրոցես է:

ՀՀ նախագահը նշեց նաեւ, որ փոփոխվող աշխարհում պետությունը պետք է կարողանա իր պետականությունը ամրապնդել տարեցտարի, իսկ դա նշանակում էՙ հաշվի առնել աշխարհում տեղի ունեցող պրոցեսները եւ փորձել ինտեգրվել դրանց ժողովրդի եւ պետականության համար մաքսիմալ արդյունավետ կերպով. «Մշտական, ամենօրյա բոլոր սերունդների համար անելիքներ կան, այդպես պիտի դիտվի պետականության կայացման պրոցեսը»: Նախագահը այս փուլում առաջնահերթ անելիք է համարում Հայաստանում այնպիսի կառուցվածքային փոփոխությունների իրականացումը, որոնք անշրջելի դարձնեն պետականության ամրապնդման եւ զարգացման պրոցեսը:

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի կարծիքով, կարելի է «թեթեւ զուգահեռ անցկացնել» Սարդարապատի ճակատամարտում տարած հաղթանակի եւ 1992 թ. Շուշիի ազատագրման հետ. «Եթե չլիներ Սարդարապատը, չէր լինի մեր առաջին հանրապետությունը, միգուցե երկրորդը եւ երրորդը», եթե չազատագրվեր Շուշինՙ «այսօր մենք եւ Ադրբեջանը կարող էինք տեղներս փոխած լինել»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4