Տասը տարի շարունակ հակվելով կամ հակադրվելով Ռուսաստանին, անդրկովկասյան պետություններն աշխարհին եւ սեփական ժողովուրդներին ապացուցեցին հակադրությունից համագործակցության անցնելու իրենց քաղաքական անկարողությունը:
Ադրբեջանը պարտության բարդույթով, Հայաստանըՙ հաղթանակի, Վրաստանն իր հակասական քաղաքական թեքումներով ու հայտարարություններով: Ընդհանուր գծերով սա է անդրկովկասյան սուվերեն պետությունների քաղաքական պատկերը: Արդյունքում առանձին-առանձին երեքն էլ նեղացած են Ռուսաստանից: Վրաստանն ու Ադրբեջանըՙ որ Ռուսաստանն իրենց չի օգնում տարածքային ամբողջականության խնդիրը կարգավորելու: Հայաստանն էլ նեղացած է նախորդ տարիների առ Ռուսաստան երկրաքաղաքական իր նվիրվածությունն ու գործերն արժանվույնս չգնահատելու համար:
Դեռեւս 1991-1994 թթ. քաղաքական այս հանգույցին նվիրված իմ մի շարք վերլուծություններում նշել եմ, որ Ռուսաստանի հանդեպ անդրկովկասյան պետությունների ունեցած դրսեւորումները քաղաքական օրինաչափությունների առումով լուրջ քննության չեն դիմանա, որովհետեւ Ռուսաստանի համար գոյություն ունի ամբողջական Անդրկովկաս: Այսինքն, Ռուսաստանի ստրատեգիական հետաքրքրությունները քաղաքական ու տնտեսական առումով վերաբերում էին տարածաշրջանին եւ ոչ նրանում գտնվող առանձին պետություններին: Տակտիկական բնույթի առանձին դրսեւորումներ եղել են, որոնք սեփական ձգտումների ու քաղաքական հակվածության հետեւանքով դիտվել ու ընկալվել են որպես միակողմանի ստրատեգիական ձեռնարկումներ: Վ. Պուտինի նախագահ դառնալուց եւ կասպյան տարածաշրջանի վերաբերյալ Ռուսաստանի հետաքրքրությունների մասին նրա դիտարկումներից հետո միայն հստակություն մտցվեց այս կարեւորագույն հարցում: Նման ոչ հստակ քաղաքական իրավիճակի համար ավելի կամ պակաս չափով մեղավոր են Անդրկովկասի բոլոր պետություններըՙ սիրո եւ ատելության իրենց հակվածության պատճառով: Հատկանշական է, որ նախորդ տարիներին էլ Ռուսաստանի ղեկավարները որեւէ պետության անտեղի խոստումներ չեն տվել: Այս առումով էլ Հայաստանի իշխանություններն ու քաղաքական ուժերը Վլ. Պուտինից նեղանալու կամ «Ռուսաստանից հիասթափվելու» որեւէ հիմք չունեն: Այլ հարց է, որ ժամանակին ռուսական բանակի գեներալների անպատասխանատու խոստումները թույլ չէին տալիս տեսնելու ռուս-հայկական համագործակցությունն անդրկովկասյան տարողության սահմաններում: Այդ իսկ պատճառով էլ ոչ թե Ռուսաստանի երկրորդ նախագահից նեղանալ է պետք, այլ քաղաքական լրջմտությամբ ընդունել, որ նա վերջապես ճշգրտեց եւ հստակություն մտցրեց տարածաշրջանում վարվելիք քաղաքականության մեջ: Իհարկե, այս ճշգրտումները դժվար ընկալելի են դարավոր դաշնակցի հոգեհարազատության տեսանկյունից: Այդ է պատճառը, որ այդ ուղղությամբ գործադրած Ռուսաստանի նախագահի քայլերը զգացական լարվածության եւ քաղաքական զեղումների տեղիք տվեցին Հայաստանում: Միանգամայն հասկանալի է կատարվածը, որովհետեւ ուղիղ տասը տարի Հայաստանի իշխանությունները եւ քաղաքական ուժերը մեծ հույսեր էին կապում Ռուսաստանի հետ, եւ հանկարծ նրա նորընտիր նախագահը հայտարարում է, որ Ռուսաստանից ավելին չպահանջեք: Հավելելով նաեւ, որ Ռուսաստանի կարողությունները գերագնահատողները կայսերական շրջանի մտածելակերպի կրողներ են: Ու այս ամենը կատարվեց 21-րդ դարի սկզբին, որը պետք է հիշարժան դառնա ու նաեւ ուսանելի հայ քաղաքական ուժերի համար: Մեր քաղաքական ուժերը, որոնք այդպես էլ գլխի չընկան, որ դեմոկրատական Ռուսաստանը «եկավ ու անցավ», քաղաքական ընթացքից ետ մնացած, նեղանում են ավանդական դաշնակցից իրենց սիրո ու պահանջի չափով: Իրենց սխալն ու մոլորությունն ընդունելու փոխարեն նրանք ջանում են կանխել Ռուսաստանի անդրկովկասյան քաղաքական խմբագրումները, կատարվածի մեղքը գցելով սեփական իշխանությունների վրա, կարծելով, որ այդ ամենի պատճառը Հայաստանի վարած արեւմտամետ քաղաքականությունն է: Այս ամենը հիմնավորելու համար բերվում են հազար ու մի փաստարկներ. ինչո՞ւ ԲԷՑ-երը չվաճառվեցին ռուսական ընկերություններին, ինչո՞ւ Մինսկի խումբը բանակցությունների վայր ընտրեց ամերիկյան Քի Վեսթը եւ նմանատիպ այլ հարցադրումներ:
Իսկապես, ի՞նչ ընդհանուր կապ կա Ղարաբաղի հարցի եւ ամերիկյան Քի Վեսթի միջեւ: Հետաքրքիր հարցադրում է, առավել եւս, որ հնչեցվում է քաղաքական երանգավորումներով: Թերեւս այս հարցադրումը լրացուցիչ բացատրության կարիք ունենար, եթե հնչեցվեր Ղարաբաղի հարցի միջազգայնացման հետ կապ չունեցած քաղաքական գործիչների կողմից: Բայց զարմանալիորեն կուրծք են ծեծում հիմնականում նրանք, որոնց ջանքերով 1992 թ. Ղարաբաղի հարցը միջազգայնացվեց ու հանրությանը ներկայացվեց որպես նորանկախ Հայաստանի դիվանագիտական հաջողություն: Այսինքն, եթե գործից անտեղյակ մեկը նման հարցեր տաՙ կասես մարդը գործից չի հասկանում: Ու նաեւ հեղափոխական նարոդնիկների եռանդով Ռուսաստանին վերստին բացատրում են, որ իբր Ղարաբաղի հարցի կարգավորումով Ռուսաստանը դուրս է մղվելու տարածաշրջանից:
Ահա այս դիրքերից եւ այսքան էժան միջոցներով է պաշտպանվում Ռուսաստանի շահը: Ակամա ստանում ես այնպիսի տպավորություն, որ Ղարաբաղի հարցը արծարծվում է ոչ թե խնդրի լուծման, այլ Ռուսաստանի շահը տարածաշրջանում պաշտպանելու համար: Թերեւս նման «մեծագործությունները» նկատի ունենալով է Վ. Սարոյանը ձաղկել «պզտիկ ազգի մեծ խոսակցությունները»: Երեկ Ռուսաստանն էր դավաճանում Հայաստանին ու Ղարաբաղին, այսօր Հայաստանն է դավաճանում Ռուսաստանին: Ու այսպես գումարելիների տեղափոխության մտավարժանքներից ու դավաճան փնտրելու ինտրիգներից այն կողմ չի կարողանում անցնել հայ քաղաքական միտքը: Ասածս կոմունիստներին չի վերաբերում, որովհետեւ Հայաստանը Բելառուս-Ռուսաստան միության կազմում տեսնելը նրանց համար համոզմունք է: Օրվա հուզախառն բռնկումների, անգաղափար խոկումների, շատ օգտագործելուց մաշված ու նաեւ իմաստը կորցրած բառերով քաղաքական ուժերը ելք ու փրկություն են փնտրում ստեղծված վիճակից: Մտքերի ու գաղափարների այս միջնադարյան խառնիփնթոր վիճակը աղանդավորություն է հիշեցնում: Ճգնաժամից դուրս գալու խաղաղության, ներդաշնակության եւ տարածաշրջանային համագործակցության ուղին ցույց տալու փոխարեն, նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ գործը չհասնի դրան: Քաղաքական աղանդավորությունն այն է, որ բոլորը ելք են փնտրումՙ ամուր փակելով ելքի դռները: Ու նաեւ բարձր աղմկում են Հայաստանի փրկության մասին, որպեսզի հանկարծ պատասխանատվության հարց չդրվի: Բանն հասել է այնտեղ, որ նույնիսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործները եւս դատարանում հանդես են գալիս նույն ցուցանակով: Մինչդեռ կույրին անգամ տեսանելի է, որ հենց այսօր էր երկրին այնքան անհրաժեշտ Կ. Դեմիրճյանի եւ Վ. Սարգսյանի զսպող ու հեղինակավոր ներկայությունը:
Ռուսաստանին հասկանալ է պետք եւ ոչ թե սիրել ու հուսախաբվել: Ռուսաստանին ավանդական կապերով կապված հոգեհարազատ ժողովուրդների ազգային գործիչները միշտ էլ Ռուսաստանից լավ գիտեն, թե ինչ է պետք նրան: Ու այնքան համոզված են դրանում, որ չեն էլ ուզում լսել, թե Ռուսաստանն ինչ է ասում:
Քաղաքական առումով նման մոտեցումները որեւէ քննադատության չեն դիմանում, որովհետեւ աշխարհին չի կարելի նայել հակադրություն փնտրող սեւ ու սպիտակ գույներով: Ռուսաստանը խմբագրում ու սրբագրում է իր քաղաքականությունը, ջանում, որ Անդրկովկասում վերջնական խաղաղություն ու նաեւ համագործակցություն հաստատվի, իսկ մերոնք հազար ու մի փաստարկ են հորինում այն կանխելու համար: Դարեր շարունակ շփվելով Ռուսաստանի հետ ու իրենց համարելով ռուսական կողմնորոշման ջատագովներ, նրանք այդպես էլ ոչինչ չսեփականացրին ռուսական հզոր պետական մտքից ու այսօր էլ չեն կռահում, թե ինչ է կատարվում Ռուսաստանում եւ աշխարհում: Ծիծաղելի է այս ամենը Ռուսաստանի համար ու միգրացիոնՙ հայ ժողովրդի համար, որովհետեւ դրանցից ոչ մեկը սեփական ժողովրդին չի բացատրում, որ եթե իրենք ամեն գնով ջանում են ձախողել հարցի լուծումը, դրանից հետո ի՞նչ է լինելու եւ ինչպիսի՞ ապագա են տեսնում Հայաստանի ու Ղարաբաղի համար: Հետոն ու ապագան նրանց չի հետաքրքրում ու վե՚րջ:
Չի բացառվում ու նաեւ հնարավոր է, որ «հակառուսական» ու «արեւմտամետ» որակումներն ու այս աղմուկ-աղաղակը նշանակում են, որ նրանք տեսնում են այն իրողությունը, որ ավարտվում է սիրո խոստումների ու բաժակաճառերի շրջանը եւ սկսվում է որակական նոր փուլ հայ-ռուսական հարաբերություններում: Այսինքն տեսանելի է, որ Ռուսաստանը լիարժեք մասնակցություն ունի բանակցություններին: Եռանախագահների միջեւ հակասությունների վերացմանը նպաստեց երկու նախագահների հանդիպումների շարքը: Այս ամենը տեսանելի է, բայց նաեւ անսովոր հակասությունները հաղթահարված տեսնելու եւ ընկալելու առումով: Գլխավոր խնդիրն այն է, թե մենք իսկապես ուզո՞ւմ ենք, որ պրոբլեմը լուծվի եւ Հայաստանը քաղաքական բեկում ու դարձ կատարի դեպի խաչմերուկի բնականոն ու բանական վիճակ, իր արեւելյան ու արեւմտյան հարեւանների հետ միջպետական հարաբերություններ հաստատելու դժվարին ու անհրաժեշտ քայլերով: Սա է գլխավորն ու առանցքայինը: Մնացյալը շահարկում ու անցողիկ կրքեր ենՙ կապված քաղաքական ընկալումների ու որակի հետ: Վերջապես միշտ էլ կարելի է տեղերը փոխել ու էլ ավելի «հայրենասեր» աշխատել, որովհետեւ գնալով մենք հեռանում ենք բնականոնության ու ռացիոնալության քաղաքական օրինաչափություններից: Հանգամանք, որը խաղաղության հաստատումն անհետաձգելի անհրաժեշտություն է դարձնում: Երեկ ասում էինՙ Ռուսաստանը թույլ չի տալիս: Այսօր Ռուսաստանն ասում էՙ օբյեկտի հեշտ վիճակը փոխակերպեք սուբյեկտի դժվարին, բայց պետական հեռանկար ապահովող ընթացքով: Այսինքն, ինքներդ ստանձնեք պատասխանատվությունը եւ լուծեք ձեր ապագայի համար կենսական նշանակության հարցերը: Այս եւ տարածաշրջանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքի մյուս հարցերը Վլ. Պուտինը վերստին շարադրեց Երեւանում: Նա մասնավորապես ընդգծեց, որ «Ռուսաստանը հատուկ հարաբերություններ ունի Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, եւ դրանք չեն օգտագործվի կողմերից մեկի վրա ճնշում գործադրելու համար»:
Այս մոտեցումն ընդգծվեց, որպեսզի կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը նոր հույսերի ու հուսախաբության պատճառ չդառնա: Քամու ուղղությամբ իրենց հայացքները փոխող մեր ուժերին Ռուսաստանում շատ լավ են ճանաչում...
Այս ամենի հանրագումարը քաղաքական առումով նշանակում է, որ այլեւս Ռուսաստանը հավասարակշռող վերաբերմունք ու հարաբերություններ է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի հանդեպ: Վա՞տ է Ռուսաստանի նման մոտեցումն ու հստակեցումը, թե՞ լավ: Անշուշտ, տարբեր կարծիքներ կան ու կլինեն այս հարցում: Բայց փաստ է, որ դա Ռուսաստանի որոշումն է: Քաղաքական առումով հուսախաբության որեւէ անհրաժեշտություն չկա, որովհետեւ այն կարող է դառնալ Անդրկովկասում կայուն ու երկարատեւ խաղաղություն ու համագործակցություն հաստատելու գլխավոր գրավականը: Նոր ու նպաստավոր ժամանակներ են սկսվում Անդրկովկասի համար: Լայնախոհություն ու քաղաքական իմաստություն է պահանջվում հակադրությունից խաղաղության ու համագործակցության անցնելու եւ Անդրկովկասը դուրս բերելու ճգնաժամից: Միայն միջնորդների ջանքերը քիչ են, եթե չլինի դրան հասնելու ներքին անհրաժեշտություն:
Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում
Բնականաբար, ներքաղաքական կյանքը Ադրբեջանում ավելի ալեկոծ ու բախումնային էՙ կապված խաղաղության հաստատման միջնորդական այս առաջարկության հետ: Իլհամ Ալիեւը հայրենասիրական ու հակահայկական ճառեր է ասում: Ու նաեւ ռուսամետություն դրսեւորում: Այսինքն, փորձում է ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, չբացառելով նաեւ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը: Այդ ամենը նրա համար թերեւս քարոզչական հնարք է: Գահաժառանգի հայրենասիրական դրսեւորումների հիմնական պատճառն այն է, որ Ադրբեջանի ընդդիմությունը, քիվեսթյան վերջին բանակցությունները եւ հնարավոր պայմանագրի ստորագրումը համարում է ազգային դավաճանություն: Գնալով խորանում է այն մոտեցումը, որ հայկական կողմին հաջողվել է լուծել Ղարաբաղի փաստական անկախության եւ Լաչինի միջանցքով Հայաստանին միացնելու տարբերակը: Ժնեւյան բանակցություններից առաջ Հ. Ալիեւի եւ նրա որդու համար ներքաղաքական գլխավոր վտանգը տարածում ստացած այս մտայնությունն է: Հարկ է նկատել, որ այս հարցում Հ. Ալիեւի մտահոգությունները ինչ-որ չափով թեթեւացնում է մեր ընդդիմություննՙ իր ճիշտ հակառակ պնդումներով: Սա վատ չէ, եթե, իհարկե, մերոնց կեցվածքը բավարար ազդեցություն գործի եւ Ադրբեջանի քաղաքական ուժերին համոզի, որ ոչ թե իրենք են տանուլ տալիս, այլ Հայաստանը: Այդ պարագայում Հ. Ալիեւի կողմից խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է հնարավոր դառնալ: Ահա այսպիսի պատկեր, որն ուղիղ համեմատական է մեր քաղաքական հայացքին: Ու ցանկանում ես հարց տալ տեղերը հեշտությամբ փոխող մեր ազգային ու սոցիալիստ «հայրենասերներին» ու քաղաքական խաղերի սիրահարներինՙ ի՞նչ է նկատի ունեցել Ե. Չարենցը «անղեկ ու անգաղափար» երթի վախճանի մասին խոսելիս:
Ինձ համար դժվար է ասել, թե միջնորդների այս առաջարկության վերաբերյալ կողմերի իրարամերժ մոտեցումներից ո՞րն է ճիշտ եւ ո՞րը ճշմարտանման: Տրամաբանության օրենքներով նույն հարցի վերաբերյալ երկու հակադիր մոտեցումներից մեկն է ճիշտ լինում: Բայց արի ու տես, որ ոչ միայն տրամաբանության այս կանոնին, այլեւ քաղաքական շատ օրինաչափությունների չի ենթարկվում միջնորդների միջոցով տարածքային վեճերի լուծումը: Դրա վկայությունն է Մերձավոր Արեւելքի, Բալկանների եւ մեր սեփական փորձը: Սկիզբը վերջ ու վերջը սկիզբ դարձնող նման անմխիթար վիճակի պատճառն այն է, որ միջազգային կազմակերպությունները չունեն տարածքային վեճերը կանխարգելելու գործող ինստիտուտ եւ պրակտիկա: Նրանք բուժման հնարավորությունը գերադասում են կանխարգելելուց: Այսինքն գործում է դժվարություններ ստեղծելու, իսկ հետո դրանք հաղթահարելու ուժային հավասարակշռության երկբեւեռ շրջանի կամ հին դիվանագիտության միջազգային պրակտիկան: Այս մասին այսօր ինչ էլ որ ասենք, հարցին օգուտ չի տա, որովհետեւ «սառը պատերազմի» շրջանի ավարտից հետո ՄԱԿ-ը չկարողացավ կամ չցանկացավ նոր իրողություններին համարժեք քայլեր կատարել եւ ազգերի ինքնորոշման իրավունքի գեղեցիկ նորմը դարձնել գործող: Առավել եւս, որ այդ նորմը ժամանակին ՄԱԿ-ի կանոնակարգ էր մտել Ա. Գրոմիկոյի ձեւակերպմամբ, որը ԽՍՀՄ սահմանադրական դրույթի մեխանիկական կրկնությունն է: Այս անդրադարձն արեցի, որպեսզի նշեմ, որ չնայած տարածքային ամբողջականության գործող նորմի գերակայությանը, Ադրբեջանում գտնում են, որ Հայաստանի նախագահին հաջողվել է միջնորդներին պարտադրել ռազմական հաջողության տրամաբանությունը եւ Ղարաբաղի ու Լաչինի համար ապահովել փաստական անկախություն եւ երաշխավորված անվտանգություն:
Հնարավոր է, որ հարցի լուծման ձգձգումը Ադրբեջանի հասարակական գիտակցության մեջ մոռացության է տվել ռազմական անհաջողության փաստը, եւ նրանք միջնորդներից հրաշք են սպասում: Այդ պարագայում նրանք պարտավոր են նաեւ գիտակցել, որ խաղաղությունը հրաշքի նմանեցնելու դեպքում միջնորդների բոլոր ջանքերն ապարդյուն կանցնեն: Ինչպես երեւում է, դա կողմերի հասարակական կարծիքին չի հետաքրքրում, որը եւ հիմք է տվել դեսպան Ք. Քավանոյին արձանագրելու, որ երկու ժողովուրդներն էլ պատրաստ չեն խաղաղության: Հնարավոր է, որ ժողովուրդ ասելով դեսպանը նկատի է ունեցել նրա քաղաքական ուժերին, որոնք ոչ թե խաղաղություն չեն ցանկանում, այլ ուզում են, որ միջնորդները կողմերին պարգեւեն ցանկալի խաղաղությունը: Այսինքն, միջնորդներից պահանջվում է անհնարինը դարձնել հնարավոր, որովհետեւ խաղաղության հաստատման համար իրենք պատասխանատվություն չեն զգում սեփական ժողովրդի առաջ: Կարծում եմ, որ ժողովրդի խորքային ձգտումների եւ նրա քաղաքական ուժերի տեսանելի դրսեւորումների միջեւ խորը անջրպետ կա: Տարիների հակադրման հոգեբանությունը փոխակերպելը խաղաղության ճանապարհի գլխավոր պատնեշն է, որովհետեւ կողմերը մնում են պարտության եւ հաղթանակի հայրենասիրական բարդույթի մեջ:
Բացի այդ, նկատելի են նաեւ այլ խութեր ու խոչընդոտներ խաղաղության փաստաթղթի լույս աշխարհ գալու եւ ստորագրելու ճանապարհին:
Վերջում ցանկանում եմ նշել, որ որեւէ անհրաժեշտություն չկա, որ մեր հասարակական կարծիքը եւ քարոզչամիջոցները «մրցեն» Ադրբեջանի հետ: Ադրբեջանը պարտություն կրած կողմ է, եւ նրա թշնամանքը հասկանալի է: Հաջողություն ունեցած կողմի համար նույն մակարդակին իջնելը, այն էլ հնարավոր խաղաղության հաստատման նախօրեին, անթույլատրելի է: Հաղթող կողմը հաղթանակի պահից ոչ միայն թշնամի չի ունենում, այլեւ նրա պարտականության մեջ է մտնում մեղմել պարտվածի թշնամանքը:
Այս ամենը բարոյախոսություն չէ, այլ քաղաքականության մեջ սրբագրված նորմ ու կանոն, որի անտեսման պարագայում հակադրությունն ու ատելությունը սողոսկում են ներքին կյանք եւ ավերածությունների պատճառ դառնում: Կարծում եմ, որ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում տեսանելի են դրա հետեւանքները...
ԿՏՐԻՃ ՍԱՐԴԱՐՅԱՆ