<20019702.jpg>
Մայիսի 26-27-ին տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջին պաշտոնական այցը Հայաստան, որի ընթացքում երկու երկրների միջեւ ստորագրվեցին հինգ փաստաթղթեր, այդ թվում բարեկամության ու համագործակցության պայմանագիր: Նախագահներ Լուկաշենկոյի եւ Քոչարյանի համատեղ մամլո ասուլիսում նշվեց, որ երկու պետությունները կարող են համագործակցել բոլոր բնագավառներում, այդ թվումՙ ռազմաքաղաքական: Արտաքին առեւտրի ծավալներով Հայաստանի եւ Բելառուսի միջեւ 2000 թ. ապրանքաշրջանառությունը կազմել է ընդամենը 1 մլն 535 հազար ԱՄՆ դոլար:
«Եթե Հայաստանն ի վիճակի է Բելառուսի ավտոդողերի գործարան (որը ԽՍՀՄ ժամանակներում իր տեսակի մեջ ամենախոշորն էր) առաքել կաուչուկ, ապա փոխարենը մենք կմատակարարենք ավտոդողեր, ազոտական պարարտանյութեր, այլ ապրանքներ», նշեց Լուկաշենկոն: Բացի կաուչուկից, Բելառուսը հետաքրքրություն ունի հայկական կոնյակի, գինիների նկատմամբ: Երեւանը եւ Մինսկը, երկկողմ սերտ հարաբերություններից զատ, համագործակցում են Հավաքական անվտանգության պայմանագրի (ՀԱՊ) շրջանակներում: «Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համաձայնություն է ձեռք բերվել անհրաժեշտության դեպքում Հայաստանին ապահովել սարքավորումներով, ապրանքներով», ասաց Լուկաշենկոն: Մոտ ժամանակներում Բելառուսը ՀՀ-ում կունենա դեսպանատուն, ինչը, նախագահ Քոչարյանի կարծիքով, լրացուցիչ խթան կլինի երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալները մեծացնելու, համագործակցությունը սերտացնելու համար:
Ալեքսանդր Լուկաշենկոյին դուր էին եկել մայրաքաղաք Երեւանը, Սեւանա լիճը, հայ ժողովուրդը: «Ձեր ժողովրդի մասին մենք պատկերացում ենք կազմում Բելառուսում բնակվող հայերից», գովեստով նշեց Բելառուսի նախագահը: