«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ԺՆԵՎՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ Է ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղիների որոնման նպատակով Ժնեւում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հունիսյան հանդիպումը հետաձգվում է:

Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար, հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության ղեկավար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով, ժնեւյան հանդիպումը չեղյալ է հայտարարվել այն պատճառով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցից հետո խիստ մտահոգված են խնդրի լուծումն ընդունելու հասարակայնության անպատրաստությունից, ուստի դեռ անհրաժեշտ է լրամշակել ծրագիրը: Նրա կարծիքով, այս հարցում շտապելու հարկ չկա, եւ եթե նույնիսկ կողմերը հապճեպորեն որեւէ համաձայնության գային, ապա հետագայում կծագեին արհեստական բարդություններ, քանի որ հանրությունը, մանավանդ Ադրբեջանում, դեռ պատրաստ չէ կարգավորմանը:

Ձ. Աղաջանյանը տեղեկացրեց, որ մինչ այդ հակամարտ կողմերը եւ Մինսկի խմբի համանախագահները կշարունակեն աշխատանքըՙ իրենց իրավունք վերապահելով ամեն պահի կազմակերպել շահագրգիռ կողմերի այդպիսի հանդիպում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուսով են, որ նույնիսկ առկա տարաձայնությունները կարող են հարթվել Մինսկումՙ ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ եւ «Կովկասյան քառյակի» պետությունների ղեկավարների առաջիկա հանդիպման ընթացքում», նշեց Ձ. Աղաջանյանը: Նրա խոսքերով, բուն բանակցությունները չեղյալ չեն հայտարարվում. պարզապես համանախագահները, հիմնվելով ամերիկյան Քի Վեսթ քաղաքում կայացած հանդիպման արդյունքների վրա, ենթադրում էին գործընթացի արագացում, ուստի շտապում էին վերջնականապես լուծել հակամարտությունը: Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծեց, որ համանախագահներն ըստ երեւույթին որոշել են, որ շտապողականությունը կարող է խանգարել բանակցությունների ընթացքին:

Ձ. Աղաջանյանը վստահ է, որ ներկա պահին բանակցությունների համահովանավորների միջեւ որեւէ տարաձայնություն չկա: «Նրանք ունեն միասնական դիրքորոշում, գործում են համակարգված ձեւով, եւ դա բանակցությունների այսօրվա լավ մակարդակի պատճառներից մեկն է», հայտարարեց նա:

ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանում «Ինտերֆաքսի» սեփ. թղթ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4