Կիրակի օրը Կիպրոսում կայացած ընտրություններում Պետրոս Գալայճյանը վերընտրվեց Ներկայացուցիչների պալատում (խորհրդարան) հայ համայնքի ներկայացուցիչ, ընտրական շատ սուր պայքարում հաղթելով բժիշկ Կարապետ Գազանճյանին, Նիկոսիայից մեզ հաղորդում է Cyprus Weekly շաբաթաթերթի խմբագիր Ջորջ Տեր-Բարթողը: Համայնքի 1500 վավեր ձայներից նա ստացել է 857, այսինքնՙ 57,3 տոկոսը:
Երբ ներքին գործերի նախարարությունում հրապարակվեցին արդյունքները, Գալայճյանի կողմնակիցները ուրախության բացականչություններով դիմավորեցին նրան: Վերջինս հանդարտ ձայնով դիմելով նրանց շնորհակալություն հայտնեց համայնքին 5 տարով 2-րդ անգամ իրեն մանդատ վստահելու համար: «Իմ կարողությունների սահմաններում ամեն բան անելու եմ մեր համայնքի բարեկեցության եւ Կիպրոս կղզու հարցերին արդար եւ տեւական լուծում գտնելու կիպրական իշխանությունների պայքարին նպաստելու ուղղությամբ», ասաց նա:
Նրան ավելի բազմամարդ ու ջերմ ընդունելություն վերապահված էր ՀԲԸՄիության ակումբում: Ուսամբարձ տարվելով դահլիճ, Գալայճյանը համագործակցության կոչ արեց գաղութի բոլոր հատվածներին ու կուսակցություններին, եւ հատուկ շնորհակալություն հայտնեց Ռամկավար Ազատական կուսակցությանը, ինչպես նաեւ «Շահումյան» խմբակցությանը եւ «Համազգայինի» տեղական մասնաճյուղին, որն անջատված է ՀՅԴ-ի «Հայ երիտասարդաց միությունից»:
Պ. Գալայճյանը Կիպրոսի փոքրիկ, բայց շատ կազմակերպ համայնքի ներկայացուցիչ էր ընտրվել 5 տարի առաջ, հաջորդելով իր վաղամեռիկ եղբորՙ Արամ Գալայճյանին, որն այդ պաշտոնը վարել էր 10 տարի: Այս ընտրություններում Պ. Գալայճյանի մրցակիցն էր Երեւանի բժշկական համալսարանի շրջանավարտ, երիկամների մասնագետ Կարապետ Գազանճյանը, որի թեկնածությունը պաշտպանում էին ՀՅԴ-ն եւ ուղեկից մի շարք կազմակերպություններ: