Պետանվտանգության խորհրդի դերը վճռական է
Թուրքիան պաշտոնապես Եվրամիության թեկնածու դարձավ 1999 թ. դեկտեմբերին Հելսինկիի վեհաժողովում: Բայց անդամակցության շուրջ բանակցություններ սկսելուց առաջ Եվրամիությունն Անկարայի իշխանություններից պահանջում է մի շարք քաղաքական բարեփոխումներ, մասնավորապեսՙ բանակի կշռի նվազեցում, խոսքի ազատություն, մահապատժի վերացում եւ այլն: Մինչդեռ թուրքական կառավարության քայլերն առ այսօր վկայում են, որ եվրոպացիների պահանջները չեն կատարվելու:
Այժմՙ քեմալական հեղափոխությունից ութ տասնամյակ անց, թուրքական բանակը շարունակում է իրեն համարել հանրապետության միասնության եւ աշխարհիկության երաշխավորը: Այդ «առաքելությունը» գեներալներին երեք անգամ դրդել է տիրել իշխանությանը: Վերջին միջամտությունը 1997 թվականին էր, երբ տապալվեց իսլամիստ Նեջմեթին Էրբաքանի կառավարությունը: Դրանից հետո Թուրքիայի քաղաքական կյանքում բանակի ազդեցությունն էլ ավելի ուժեղացավ: «Մինչ այդ զինվորականները բավարարվում էին վերահսկողությամբ եւ խաղավարտի սուլոցներով, եթե խախտվում էին խաղի կանոնները: Նրանք տիրում էին իշխանությանը, մի քանի բարեփոխում անցկացնում եւ ապա վերադառնում զորանոցներ: Բայց 1997 թ. ի վեր բանակը դարձել է քաղաքացիների եւ քաղաքական ղեկավարության յուրօրինակ միջնորդ», մեկնաբանում է Իզմիթի համալսարանի քաղաքագիտության դասախոս Հիքմեթ Էոզդեմիրը:
Թուրք զինվորականներն ունեն երկրի կյանքին միջամտելու մի ազդու գործիք. դա Պետանվտանգության խորհուրդն է: Եվրամիության կողմից առանձնապես դատապարտվող այդ մարմինը պետության ղեկավարի նախագահությամբ միավորում է երկրի զինվորական եւ քաղաքացիական 10 բարձրագույն ղեկավարների: Տեսականորեն խոսքը խորհրդակցական եւ կոլեգիալ մարմնի մասին է: Բայց երկրի սահմանադրության մեջ նշված է, որ խորհրդի հանձնարարականները կառավարությունը պետք է քննարկի առաջնային կարգով: Իրականում հենց խորհրդում են ընդունում ամենակարեւոր որոշումները: Ամիսը մեկ անցկացվող ժողովների օրակարգը սահմանում է քարտուղարությունը, որն առաջնորդող գեներալը սերտորեն կապված է բանակի գլխավոր շտաբի հետ: Պետանվտանգության խորհուրդն իրականում զուգահեռ վարչակազմ է իր 350 աշխատակիցներով, որոնց մեջ զգալի թիվ են կազմում պաշտոնաթող զինվորականները: Խորհրդի կենտրոնակայանը 9 հարկանի մի շենք է Անկարայի արվարձանում: Պաշտոնապես խորհուրդն զբաղվում է «ազգային անվտանգության» հարցերով: Բայց այդ տարտամ բնորոշումը խորհրդին եւ դրա քարտուղարությանը թույլ է տալիս զբաղվելու բառացիորեն ամեն ինչով: «Նրանք են սահմանում պետանվտանգության ոլորտները, այսինքն իրենց իրավասության սահմանները: Իրենք նախընտրում են խոսել քրդերի եւ իսլամիստների մասին, բայց զբաղվում են նաեւ արտաքին քաղաքականությամբ, քեմալականության պաշտպանությամբ կամ թուրքերի պատմության շարադրման հարցերով», ընդգծում է Ստամբուլի համալսարանի տնտեսագիտության դասախոս Մեհմեդ Ալթանը: 1997 թ. հենց խորհրդի նախաձեռնությամբ էր, որ պարտադիր դպրոցական կրթությունը 5-ից հասցվեց 8 տարվա: Ի՞նչ կապ ունի այդ միջոցառումը պետանվտանգության հետ: Պետանվտանգության խորհուրդն այն հիմնավորեց «հակաիսլամիստական պայքարն ուժեղացնելու» անհրաժեշտությամբ:
Խորհրդի քարտուղարությունը, որի կազմակերպչական կառուցվածքը փաստորեն գաղտնի է պահվում, ունի երեք գլխավոր վարչություն, որոնք զբաղվում են ազգային անվտանգության քաղաքականությամբ, հոգեբանական գործողություններով, քաղաքացիական պաշտպանությամբ եւ զորահավաքով: Զուգահեռաբար բանակի գլխավոր շտաբը փորձագետներին հանձնարարում է զբաղվել բոլոր հրատապ խնդիրներով: Այսպես, 2000 թ. սկզբներին հատուկ հանձնաժողով ստեղծվեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հետ կապված բոլոր հարցերն ուսումնասիրելու համար: Այդպիսով բանակը միջամտում է բոլոր հարցերին: Թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը պնդում է, որ զինվորականների բազմաթիվ կապերը մի ամբողջ ցանց են կազմում. քեմալական միություններ, դասախոսների եւ լրագրողների կազմակերպություններ, ներքին գործերի եւ արդարադատության նախարարությունների պաշտոնյաներ եւ այլն: «Թուրքիայի իսկական տերը բանակն է», ասում է Մեհմեդ Ալթանը: Այս վիճակից դժգոհում են միայն մի խումբ մտավորականներ եւ իրավապաշտպաններ: Մինչդեռ երկրի հասարակայնության մեծ մասը գոհ է բանակի այդ վճռական դերից: «Քաղաքացիական եւ զինվորական ասպարեզների տարանջատման բացակայությունը միաժամանակ պատմության, քրդերի անջատականության եւ իսլամիզմի հետեւանքն է, ընդգծում է սոցիոլոգ Նիլուֆեր Նառլին: Բնակչությունը բանակը համարում է երկրի պաշտպան, ժողովրդավարության երաշխավոր, որը զերծ է պահում ծայրահեղություններից: Բանակը թուրքական հաստատությունների մեջ առավել վստահելին է համարվում»:
Այդ վստահությունը հակադրվում է քաղաքական ուժերի վարկաբեկման աստիճանին, որոնք համարվում են անկարող եւ կաշառակեր: «Էքսպրես» շաբաթահանդեսը նշում է, որ նման տրամադրություններն իշխում են ոչ միայն շարքային քաղաքացիների, այլեւ հենց քաղաքական գործիչների շրջանում: Մեհմեդ Ալի Բիրանդը նշում է. «Երբ մեր ղեկավարները զգում են որեւէ խնդրի առկայությունը, նրանք աճապարում են բանակին խնդրել, որ գործն անի իրենց փոխարեն: Եվ բանակը, բնականաբար, իրավիճակից օգտվում է նրանց ավելի լավ վերահսկելու համար»: Պաշտոնաթող դիվանագետ Յալըմ Երալփը իր հերթին ընդգծում է, որ թուրք քաղաքագետներն անկարող են համաձայնության հասնել լուրջ հարցերում: Ուստի նրանք անդադար փորձում են բանակի հավանությունն ստանալ:
Բայց մյուս կողմից, Թուրքիան ձգտում է անդամակցել Եվրամիությանը: Թեեւ թուրք զինվորականները բացահայտորեն չեն ընդդիմանում այդ ձգտմանը, բայց առայժմ նրանք, ըստ երեւույթին, ջանում են ժամանակ շահել եւ եվրոպացիներին համոզելՙ նվազեցնելու իրենց պահանջները: «Բանակը սկզբունքորեն կողմ է Եվրամիությանն անդամակցելուն, բայց վախենում է, որ ժողովրդավարության ընդլայնումը կարող է վնասել ազգային միասնությանը եւ աշխարհիկությանը: Բանակի ղեկավարության կարծիքով, մեր տարածաշրջանի իրավիճակը մեզ թույլ չի տալիս շատ հեռու գնալ մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների ասպարեզում», ասում է պաշտոնաթող ծովակալ Աթիլա Քիյաթը: Զինվորականներից շատերը կարծում են, որ եթե իրենք վերադառնան զորանոցներ, ապա հակաժողովրդավարական ուժերը կվերադառնան քաղաքական ասպարեզ եւ կապակայունացնեն երկիրը: Համենայն դեպս, թուրքական բանակը բնավ մտադիր չէ հրաժարվել իր առանձնաշնորհներից: Ինչպես պնդում է Անկարայի համալսարանի դասախոսներից մեկը, թուրք զինվորականներն ասում են, թե արեւմտականացումը տնտեսական ու ռազմական զորության, եւ ոչ թե մարդու իրավունքների կամ ժողովրդավարության արտահայտություն է: Այս պնդումը պատահական չէ, քանի որ բանակը երկրի արեւմտականացման դեպքում կկորցներ իր գերիշխանությունը:
Պ. Ք.