Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Ալիրզա Բիգդելին, որն այժմ Իրանի ԱԳՆ ԱՊՀ մահմեդական հանրապետությունների հետ հարաբերությունների դեպարտամենտի վարիչն է, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը, իրանական «Սահար» հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է. «Կարծում եմ, այս փուլում Ադրբեջանի Հանրապետության քայլ առ քայլ մասնատումն ընթացքի մեջ է: Ակնհայտ է, որ Իրանը դեմ կլինի իրադարձությունների նման զարգացումներին: Անշուշտ, Ադրբեջանի իշխանությունները եւ երկրի նախագահը փորձում են բանակցություններ վարելՙ հաշվի առնելով Ադրբեջանի շահերը»:
Ալիրզա Բիգդելիի հարցազրույցի այս հատվածը, ինչպես գրում է Բաքվի «Էխո» թերթը, տարածել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի բաժինը, ինչը նշանակում է, որ պաշտոնական հաղորդագրություն է: Թերթը կապվել է Իրանում Ադրբեջանի դեսպան Աբասալի Հասանովի հետ: Վերջինս տեղյակ չի եղել Բիգդելիի հայտարարությանը: «Սա ի՞նչ կարող է նշանակել: Հետաքրքիր է», ասել է Հասանովըՙ ծանոթանալով հայտարարության տեքստին:
«Էխոն» վստահ է, որ պաշտոնական Թեհրանն արդեն տեղեկացվել է ղարաբաղյան կարգավորման քիվեսթյան բանակցությունների արդյունքներին, այլապես Ալիրզա Բիգդելին նման հայտարարություն չէր անի: