«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ԱՉՔԻ ԼԱԶԵՐԱՅԻՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 26-ին Երեւանում բացվեց Աչքի լազերային վիրահատության կենտրոնը: Այս իրադարձությանը բժշկական հասարակությունը մեծ նշանակություն է տալիս, քանի որ կենտրոնում կատարվելու են տեսողության շտկման վիրահատություններՙ բարձր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Կենտրոնը բացեց Հայաստանի առաջին տիկինըՙ Բելա Քոչարյանը:

Կենտրոնի տնօրեն Վալերի Ավագյանը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր մասնագետներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ բացել նման կենտրոն: Առաջին հերթին գերմանացի պրոֆեսոր Կլաուս Դիտցենին, ինչպես նաեւ մոսկվացի մասնագետ Նարինե Խոջաբեկյանին, որոնք հայաստանցի բժիշկներին ծանոթացրել են նոր տեխնոլոգիաների հետ: Հրավիրված մասնագետները հայաստանցի բժիշկներին հանձնեցին համապատասխան վկայականներ, ընդսմին բարձր գնահատեցին նրանց պատրաստվածության մակարդակը:

Կենտրոնի գիտական ղեկավար, Մալայանի անվան հանրապետական ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը նշեց, որ մշակումները լազերային տեխնոլոգիաների բնագավառում հին ավանդույթներ ունեն Հայաստանում: Իսկ ձեռք բերված լազերային նոր սարքը թույլ է տալիս ընդգրկել աչքի վիրահատությունների բնագավառը ամբողջությամբ, որովհետեւ այժմ կարելի է կատարել ցանկացած բարդության վիրահատություններ:

Վիրահատությունների արժեքը Երեւանում մի քանի անգամ ցածր է ոչ միայն արեւմտյան երկրների, այլեւ մոսկովյան կլինիկաների համեմատությամբ, ուր սովորաբար դիմում են հիվանդները Հայաստանից: Ներկաներին ցուցադրվեցին արդեն իսկ կատարված վիրահատությունների արդյունքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4