Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը ցուցաբերվող տնտեսական օգնությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի խորհրդարանի կողմից հաստատված եւ օրենքի ուժ ունեցող միջպետական վարկ:
Ադրբեջանի պարտադրած պատերազմը սնանկացրեց եւ քայքայեց իր հումքային եւ աշխատանքային աղբյուրներով երբեմնի հարուստ այդ երկրամասը, եւ հիմա, որպեսզի վերականգնվի անցյալի տնտեսական ներուժը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հարկավոր են ժամանակ եւ ֆինանսական միջոցներ: Այստեղից էլՙ Հայաստանի կողմից տրամադրվող վարկերի վերաբերյալ տրամաբանությունը:
Դրա հետ մեկտեղ վերջին ժամանակներս, ինչպես տեղեկացնում են Ստեփանակերտի ֆինանսական իրազեկ շրջանակներից, վարկերի տրամադրման մեխանիզմում սկսել են տեղի ունենալ անկանոնություններ: Խախտվել է ֆինանսավորման գրաֆիկը: Դրա ձգձգումը հիվանդագին է անրադառնում երկրի տնտեսության վրա:
Վարկերի տրամադրման պայմանագիրը խախտվել է նաեւ ծավալի առումով: Այսպես, վերջին երկու տարվա ընթացքում «սեկվեստորացման» ընդհանուր գումարը կազմել է 1.5 մլրդ դրամ, ինչը կազմում է սկզբում պլանավորված, եւ հաստատված գումարի 9%-ը:
Եթե ուշադրություն դարձնենք, որ վերջին ժամանակներս կրճատվել են ֆինանսավորման այլ աղբյուրներից Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող օգնության չափերը, ինչպիսին, օրինակ, «Հայաստան» եւ «Լինսի» հիմնադրամներն են, ապա առավել հասկանալի է դառնում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման դժվարին պայմաններում պատերազմի հետեւանքով ավերված տնտեսությունը վերականգնել ցանկացող ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի մտահոգությունը:
Միաժամանակ հուսալի է մնում ներգաղթի առումով ժողովրդագրական պատկերը. ԼՂՀ-ում դիտվում է մշտական բնակության եկածների աճ: Ինչը, ավաղ, չի կարելի ասել երկրի ծնելիության դեռեւս միջից ցածր ցուցանիշների մասին:
«ԴԵ ՖԱԿՏՈ»