«Արմատ» ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի թերթոնը «Հայկական ժամանակ» օրաթերթում «Ազգ»ական իգացում» հայհոյանք-հրապարակման մեջ անդրադարձել է «Ազգ» օրաթերթի «ԱՐՄԱՏական ամնեզիա» նյութին, որտեղ մասնավորապես գրել էինք. «Մարդկային առումով նախկին խոսնակի նկատմամբ չունենալով որեւէ կանխակալ վերաբերմունք, ուզում ենք նրա արտահայտած մի շարք փաստարկներին բերել հակափաստարկներ»: Ըստ երեւույթին Բաբկեն Արարքցյանին զարմացրել է, որ երկրում կան մարդիկ, ովքեր իրեն լուրջ են ընդունում:
Մենք շարունակում ենք պրն Արարքցյանին լուրջ մարդ համարել, ու թեեւ նախկին խոսնակին ըստ երեւույթին հոգեհարազատ է հայհոյանքի ոճը, նրան չենք պատասխանի իր ուզածով:
Նախ, հոդվածի հեղինակը խմբագիրը չէ, ինչպես ենթադրել է Ձեր ուղեղը, այլՙ տողերիս հեղինակը: Պարզապես այն չենք ստորագրել, քանի որ սովորության համաձայն ոչ կարեւոր նյութերը չենք ստորագրում:
«Ի կատարումն Քոչարյանի եւ Նաղդալյանիՙ Նյու Յորքից վերադառնալուց հետո տրված հրահանգի... », գրում է «ԱՐՄԱՏականը»: Քանի որ պրն Արարքցյանը մամուլի ասուլիս էր տվել ուրբաթ օրը, թերթերն այն տպագրել էին շաբաթ, բնական է, որ մեր արձագանքը պետք է լիներ թերթի երեքշաբթի օրվա համարում: Արարքցյանի ուղեղը հասո՞ւ է հասկանալու, որ կիրակի եւ երկուշաբթի թերթերը չեն տպվում: Երեւի մտածում եք Ձեզ պատասխանելու համար կիրակի պիտի հատուկ թե՞րթ տպեինք:
Դուք կարծում եք, թե տողերիս հեղինակը Քոչարյանի հրահանգն է կատարում: Նման հիմարություն ասելուց առաջ խորհուրդ ենք տալիս կարդալ իմ մի քանի հրապարակումները, եւ Ձեզ պարզ կլինի, թե ինչպիսին է իմ վերաբերմունքը երկրի նախագահի նկատմամբ: Հուսով եմ, Ձեր ուղեղը 1996 թ. սեպտեմբերյան վնասվածքից հետո այնքա՜ն չի մթագնել: Ինչ վերաբերում է Նաղդալյանին, ապա նրան չեմ ճանաչում, երբեք նրա հետ շփվելու առիթը չեմ ունեցել:
Եթե Դուք այս հրապարակմանը եւս ցանկանում եք արձագանքել, ցանկալի կլիներ նշեիքՙ Ձեր հոդվածում այն կիսամերկ տղամարդը Դո՞ւք եք, թե՞ Դուք չեք:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ