«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


1700-ԱՄՅԱԿԸՙ ՌՈՒՍԱՀԱՅ ԱՄՍԱԳՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ

Մոսկվայում, շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո, այս ամիս լույս տեսավ «Արմենիա ի միր» ամսագրի հերթական համարը: Ռուսալեզու այս հանդեսը Մոսկվայում «Ազգի» թղթակից Լուսիկ Ղուկասյանի խմբագրությամբ հրատարակվում է 1995-իցՙ անդրադառնալով հայաստանյան, հայերին առնչվող աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին, պատմում ռուսահայ համայնքի, աշխարհի տարբեր ծայրերում ապրող նշանավոր հայերի մասին:

«Հուսով եմՙ հավանություն կտաք այս անգամ մեր ստեղծածին, չնայած հասկանալի է, որ մեկ համարում չէինք կարող ամփոփել մեր բացակայության ողջ շրջանում տեղի ունեցածը: Բայց, ինչպես Ժվանեցկին կասեր. «Որքա՜ն իրադարձություններ են եղել, ու որքա՜ն քիչ բան է փոխվել: Իսկապես, մեր բացակայության ընթացքում կյանքը Հայաստանում, ցավոք, չի բարելավվել», ամսագրի խմբագրականում ընթերցողներին է դիմում Լ. Ղուկասյանը: Ամեն դեպքում ռուսական «Կոմերսանտ-վլաստի» թերթից արտատպած ռեպորտաժը Հայաստանի ու Ղարաբաղի մասին բավական լուսավոր է ու լավատեսական : «Արմենիա ի միր»-ի այս համարում ներկայացված են նաեւ «Ռուսաստանի հայերի միության», «Արեւմտյան Հայաստանի ժողովրդի ներկայացուցչության» գործունեությունները լուսաբանող նյութեր, հարցազրույց ՀՀ պետեկամուտների նախարարի հետ: «Դինաստիա» խորագրի տակ այս անգամ Քեոսայան ընտանիքի պատմությունն ու ստեղծագործությունն է:

Ամսագրի բոլոր համարներին էլ հատուկ են հոգեւոր, եկեղեցական թեմաների շեշտադրումները: Այսՙ յոթերորդ համարը բացառություն չէ: «1700-ամյակ» խորագրի ներքո ընդարձակ նյութ կա Հայ առաքելական եկեղեցու հիմնադրման, հիերարխիայի, հայոց 132 հայրապետների մասին: Ռուսահայ ընթերցողները կարող են ծանոթանալ նաեւ մեր եկեղեցու Ռուսաստանի թեմի նոր առաջնորդ Եզրաս վարդապետ Ներսիսյանի կյանքին ու գործունեությանը:

Հուսանքՙ ռուսահայությանն այնքան անհրաժեշտ այս ամսագիրն այսուհետ անխափան կհրատարակվի:

Լ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4