«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ՀԱՅԱՍՏԱՆԸՙ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ

Տիեզերքի թանգարան Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտում

«Երբ խորհրդային խոշոր գիտնական, աստղաֆիզիկոս Յակով Զելդովիչն այցելեց Հայաստան ու ծանոթացավ Գառնիի տիեզերագիտության ինստիտուտում կատարվող հետազոտական աշխատանքներին, միանշանակ հայտարարեց, որ ԽՍՀՄ-ում ընթացող տիեզերագիտական ուսումնասիրությունների 75 տոկոսն իրականացվում է այստեղ», պատմեց Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն Գրիգոր Գուրզադյանի առաջին տեղակալ Էվելինա Թումյանը: Մեր հանդիպմանն առիթ ծառայեց Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունման 1700-ամյակի տոնակատարության շրջանակներում նախատեսվող մի հետաքրքրական միջոցառում. ինստիտուտում այս ամիս բացվելիք ցուցահանդեսըՙ «Հայաստանը տիեզերքում» խորագրի ներքո: «Ցավալի եւ ամոթալի է, որ այսօր գրեթե չենք հիշում, թե Հայաստանն ինչպիսի կարեւոր ու ազդեցիկ դերակատարում ուներ տիեզերագիտության ոլորտում: Այսօր հայերս լսում ու զարմանում ենքՙ Հայաստան եւ տիեզե՞րք: Այնինչ մեր հանրապետությունում էր գտնվում ողջ ԽՍՀՄ-ի տարածքում իր տեսակում միակ տիեզերական սարքաշինության ամբիոնը, որ 19 տարի գործեց Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Հետխորհրդային փոփոխություններից եւ տնտեսական ճգնաժամերից ամբիոնը փակվեց (տիեզերքն, ինչպես հայտնի է, «թանկ հաճույք» է), այդուհանդերձ, հասցրեց մեծ գործ կատարել տիեզերագիտության համար: Հայաստանը վստահորեն մուտք գործեց այս ասպարեզՙ ունենալով այնպիսի խոշոր գիտնականներ, ինչպիսիք էին Գրիգոր Գուրզադյանն ու Վիկտոր Համբարձումյանը», շարունակեց զրուցակիցս:

Ինչո՞վ է տիեզերագիտության ինստիտուտը ներկայանալու առաջիկա ցուցահանդեսում: Տիեզերքի թանգարանի բացմանը կներկայացվեն հազվագյուտ ցուցանմուշներ, որոնք մինչ այդ մեծ հետաքրքրություն էին առաջացրել Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած «EXPO-2000» համաշխարհային ցուցահանդեսում, այս նմուշների թվում են «Օրիոն-2» հանրահայտ տիեզերական աստղադիտարանի ճշգրիտ պատճենը, երկիր վերադարձած տիեզերանավի իրական խցիկը եւ այլն: Այս ցուցանմուշների պատմությունը մեզ վերադարձնում է անցյալ դարի 60-70-ական թթ., երբ աշխարհը, հատկապես ԽՍՀՄ-ը, մուտք էր գործել տիեզերքի «նվաճման» ուղին: «Ակադեմիկոս Սերգեյ Կորոլյովի ղեկավարությամբ ստեղծվեցին եւ տիեզերք արձակվեցին առաջին արբանյակները, ապաՙ «Վոստոկ» տիեզերանավը, որով Յուրի Գագարինը 1961-ի ապրիլի 12-ին թռիչք կատարեց տիեզերք. հայտնագործությունները հաջորդում էին միմյանց: Հայաստանը, որ այս տարիներին արդեն հռչակված էր Բյուրականի աստղադիտարանով, իսկ Գառնիի տիեզերագիտության ինստիտուտն արդեն կառուցման փուլում էր, անմիջապես ընդգրկվեց տիեզերքի ուսումնասիրմանՙ ԽՍՀՄ-ում ընթացող աշխատանքներում: 1971-ին հայկական «Օրիոն-1» աստղադիտարանը տեղադրվեց խորհրդային «Սալյուտ-1» տիեզերակայանում: 1973 թ.-ին նախորդ գոհացնող արդյունքները հաշվի առնելով, Հայաստանին տրամադրվեց մի ողջ տիեզերանավՙ հետազոտությունները շարունակելու, այդ տիեզերանավիՙ «Սոյուզ-13»-ի վրա տեղադրվեց մեր «Օրիոն-2»-ը: «Սոյուզ-13»-ով թռիչք կատարած տիեզերագնացները նախապատրաստական փուլն անցել էին Գառնիում եւ Բյուրականում (ցավոք, վայրէջքի պահին նրանք ողբերգականորեն զոհվեցին): «Օրիոն-1» եւ «Օրիոն-2» տիեզերական աստղադիտարանների բերած ինֆորմացիան հարուստ ու հագեցած էր, ուլտրամանուշակագույն ճառագայթներով սպեկտրոգրամման, որ ստացանք, ԽՍՀՄ-ում իր նախադեպը չուներ: Այս ամենի մասին վերջերս վերստին հիշատակեցին մեր ռուս գործընկերները, երբ Մոսկվայի տիեզերագնացների պատրաստման կենտրոնում տոնում էինք գագարինյան թռիչքի 40-ամյա հոբելյանը», վերհիշեց Էվելինա Թումյանը:

Ներկայիս պայմաններում գործո՞ւմ է արդյոք տիեզերական աստղագիտության ինստիտուտը, թե՞ ձեւականորեն է պահպանում գոյությունը: Զրուցակցիս խոսքերից պարզվում է, որ, չնայած ֆինանսական դժվարություններին, ինստիտուտը շարունակում է գործել: Գրիգոր Գուրզադյանի հեղինակած մի քանի նախագծերն արդեն արտասահմանյան ներդնողների հետաքրքրությունն են առաջացրել, եւ այդ նախագծերն, ըստ ամենայնի, չեն մնա առանց ֆինանսավորման: Ինստիտուտի մասնագետները համագործակցում են ֆրանսիացի եւ ամերիկացի գործընկերների հետ: Վերջիններիս գրավել է «Գառնի» անունը կրող աստղադիտարանը միջազգային տիեզերական կայանում (որը փոխարինել է «Միր»-ին եւ այժմ գտնվում է տիեզերքում) տեղադրելու Գր. Գուրզադյանի ծրագիրը: «Ընդ որումՙ տիեզերագնացի առկայությունը պարտադիր չէ, աստղադիտարանը կարող է կցվել եւ արբանյակի, ղեկավարվել երկրից եւ, իր ուղեծրի շուրջը 3-4 ամիս պտտվելով, միանալ որեւէ կայանի, որպեսզի այնուհետեւ կրկին վերադառնա իր 4-ամսյա պտույտին: Աստղադիտարանի «կյանքն» այսպիսով բավական երկարատեւ կլինի», ծրագիրը հնարավորինս մատչելի ներկայացրեց զրուցակիցս: Սա, ըստ նրա, չափազանց եկամտաբեր ծրագիր է եւ մեծ շահույթ կբերի Հայաստան: Բացի այսօրինակ ծրագրերիցՙ տիեզերագետ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանը վերջին տարիներին հեղինակել է նաեւ մի քանի խոշոր մենագրություն, դրանք հրատարակվել են Ռուսաստանում, ապա, վերահրատարակվելով անգլերեն, արտասահմանում մեծ աղմուկ են բարձրացրել: Նրա վերջինՙ ծավալուն մենագրությունը «Տիեզերական դինամիկան» է, որը հրատարակվելու է Մ. Նահանգներում:

ԱՆՈՒՇ ԴՈՎԼԱԹՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4