«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#95, 2001-05-25 | #96, 2001-05-26 | #97, 2001-05-29


ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ

Կյանքում միշտ էլ բաժանումի ու հրաժեշտի պահը լռության խորհուրդ ունի, բայց մինչ այդ կա մտորումի մի վայրկյան, ընդամենը մի ակնթարթ, որը մեկընդմիշտ մնում է մարդու հիշողության մեջ: Այդպիսին է գարնանային ավանդական տոնըՙ դպրոցական հրաժեշտի հուզումնալից պահը, որը կրում է «Վերջին զանգ» անվանումը:

Երեւանի 202 միջն. դպրոցների 11 հազար աշակերտների համար մայիսի 26-ին հնչեց վերջին զանգը, այդ թվում նաեւ Վահան Թեքեյանի անունը կրող կրթօջախի համար, որ 47-րդ անգամ կյանքի նոր ուղի ճանապարհեց 64 շրջանավարտների: Վաղ առավոտից կրթօջախում տիրում էր ուրախ եռուզեռ ու տոնական տրամադրություն: 64 շրջանավարտներ հուզումով ու սրտի թրթիռով սպասում էին հանդիսությանը, որը բացեց ու բարեմաղթանքի խոսքեր հղեց ուսումնական մասի վարիչ Սուսաննա Աբրահամյանը: Քիչ անց բեմը տրամադրվեց 10-րդցիներին: Նրանք կարծես խոսքերը մեկ արած, հուզումով ու ջերմությամբ խորին շնորհակալություն էին հայտնում իրենց կրթած հարազատ ուսուցիչներին: Շրջանավարտներն իրենց ելույթները եւ շնորհակալությունները համեմել էին նուրբ հումորով, երգով ու ասմունքով: Հուզիչ էր նաեւ կրթօջախի տնօրենուհի Անահիտ Խալաթյանի բարեմաղթանքի խոսքը. «Հեռու վանեք ձեզանից բարկությունն ու նախանձը, ագահությունն ու ծուլությունը, որպեսզի ողջերի մեջ մեռած հոգիներ չլինեք: Ապրեք այնպես, որ ձեր մայրերի աչքերում արցունքը չծովանա, դրանք շատ թանկ են: Ապրեք այնպես, որ ոչ մի հայր վշտից չկքի: Չէ՞ որ մեր ընտանիքների սյուներն են նրանք»:

Թեքեյանցիներին այդ օրն անակնկալ էր Լոս Անջելեսիցՙ ԹՄՄ Արշակ Տիգրանյանի վարժարանի ավարտական դասարանի 20 աշակերտների եւ նրանց ուսուցչուհի ու խմբի պատասխանատու օր. Լորա Գույումջյանի այցն ու մասնակցությունը վերջին զանգի հանդիսությանը: Միջոցառմանը ներկա էին նաեւ Թեքեյան մշակութային միության վարչության անդամները, Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի գլխավոր խորհրդական Հ. Պապոյանը, հյուրեր, դպրոցի հովանավորներ, ծնողներ:

Վերջին զանգի զիլ հնչելուց հետո շրջանավարտները շտապեցին Հանրապետության հրապարակՙ հատուկ տոնակատարության, այդպես հայտարարելով նոր կյանքի մուտքը, ինքնուրույն կյանքի սկիզբը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4